ՀՀ-ի հաշվարկը, թե ՀԱՊԿ-ն իր բանակի հետ միասին կռվելու է, ի սկզբանե, ամենաքիչը շատ միամիտ քայլ էր․ Մոդեստ Կոլերով․ tert.am
Ադրբեջանը շարունակում է կյանքի կոչել Ղարաբաղում իր տարած հաղթանակը, իսկ հայկական զինված ուժերը դադարել են պաշտպանել անգամ իրենք իրենց։ Այս մասին Tert.am-ին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կորելովը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի տարածք ներխուժելուն ու նրանց կողմից իրավիճակն անընդհատ լարելուն։
«Ռուսաստանն իրավիճակի հետ կապված հայտարարություն արել է․ միջադեպի հետ կապված վերաբերմունքը բացասական է»,- ասաց նա՝ մասնավորապես անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ 6 զինծառայողների գերեվարմանը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
Տեղի ունեցածի հետ կապված Ազգային ժողովում քննարկման ժամանակ «Իմ քայլը խմբակցության» ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, ստեղծված իրավիճակը նաև այն պատճառով է, քանի որ ՀԱՊԿ-ը օպերատիվորեն չի արձագանքում։
Անդրադառնալով նրան, որ ՀՀ իշխանական շրջանակները, գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մեղադրում են ՀԱՊԿ-ին ստեղծված իրավիճակում ոչ օպերատիվ արձագանքելու մեջ՝ ռուսաստանցի փորձագետը նշեց․ «Հայաստանի հաշվարկը, թե ՀԱՊԿ-ն իր բանակի հետ միասին կռվելու է, ի սկզբանե, ամենաքիչը շատ միամիտ քայլ էր»։
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ վերաբերմունք կարող է առաջանալ ՀԱՊԿ-ում ՀՀ–ից հնչող մեղադրանքներից հետո, ապա ըստ Կոլերովի, կառույցն «ամոթից չի մահանա»։
«ՀԱՊԿ-ը, բացառությամբ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի արտոնյալ գների հարցից, ամեն ինչում ադեկվատ ընդունում է իր անզորությունը»,- ասաց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։