Բաժիններ՝

ԱՄՆ սենատորների խումբը հաջորդ շաբաթ Լիտվայում կհանդիպի Տիխանովսկայայի հետ

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ Ryanair ընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ պլանավորում են հաջորդ շաբաթ այցելել Լիտվա և հանդիպել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, հաղորդում է Fox News հեռուստաալիքը։

Նշվում է, որ ուղևորությանը կմասնակցեն ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի հանրապետական անդամ Ռոբ Փորթմանը և դեմակրատներ Ջին Շահինը և Քրիս Մերֆին:

Փորթմանի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ օրենսդիրները մտադիր են Տիխանովսկայայի հետ հանդիպման ժամանակ «ազատ և ժողովրդավարական ապագայի համար պայքարող բելառուս ժողովրդին հայտնել իրենց անսասան աջակցությունը»: Նա նաև Ryanair-ի հետ կապված միջադեպը որակել է «միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»։

Ընդ որում, հայտարարության մեջ նշվում է՝ սենատորները Լիտվայում Տիխանովսկայայի հետ հանդիպումից հետո կմեկնեն Ուկրաինա, այնուհետև՝ Վրաստան, որտեղ «նախատեսվում են բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ»։

Հիշեցնենք, որ օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս