«Երբեմն Իրանի սահմանով ադրբեջանական լոլիկ է գալիս, սակայն անունն իրանական է, իսկ Վրաստանի սահմանով էլ թուրքականն է գալիս, անունը՝ վրացական»
Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է միմյանց աջակցեն գյուղմթերքի և այլ ապրանքների արտահանման հարցում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այդ մասին հայտարարել է մայիսի 21-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է լոգիստիկ մեծածախ-բաշխման կենտրոններ ստեղծեն, որոնք կկարողանան անհրաժեշտ ապրանքները ժամանակին մատակարարել միության ներսում, ինչպես նաև կարագացնեն ապրանքների արտահանումը երրորդ երկրներ:
«ԵԱՏՄ երկրները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց տարանցիկ ներուժը։ Կրկին առաջարկում եմ կարգավորել տրանսպորտային զարկերակների անդրսահմանային հատվածների արդիականացման աշխատանքը»,- ասել է Տոկաևը։
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ, ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի ղեկավար Սարգիս Սեդրակյանը կարևոր և հետաքրքիր է համարում Ղազախստանի նախագահի առաջարկը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից լոգիստիկ մեծածախ-բաշխման կենտրոնների ստեղծման վերաբերյալ, սակայն նրա խոսքով՝ Հայաստանն ունի գյուղմթերքների արտադրության և սպառման փոքր շուկա:
«Այս առումով հայտնի է, որ Հայաստանում վարելահողերի մեծ մասը չի մշակվում, դեգրադացվել, շարքից դուրս է եկել և դարձել է հետագա մշակության համար ոչ պիտանի: 2018թ. նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը, քննադատելով նախկին իշխանություններին՝ խոստանում էր այդ հողերը դարձնել մշակելի: Բայց այդ ուղղությամբ մինչ օրս ոչինչ չի արվել: Սակավահող Հայաստանում մշակելի հողերն անմշակ թողնելն ուղղակի հանցագործություն է: Այդ կապակցությամբ առաջարկում եմ ինչ-որ ձևով այդ հողերը միավորել և դնել պետության տնօրինման ներքո ու ստեղծել մշակելու պայմաններ՝ հողատերերի և այլ գյուղացիների համար: Հողի մշակման արդյունքում գյուղացիները պետության կողմից կատարած աշխատանքի դիմաց կստանան վարձավճարներ: Տնտեսության մրցունակության տեսանկյունից ամեն ինչ միայն պետական կամ ամեն ինչ միայն մասնավոր կիրառելը ցանկալի չէ: Ցանկալին մրցակցությունն է՝ պետականի և մասնավորի միջև, ինչը գոյություն ունի որոշ երկրներում, օրինակ, Չինաստանում:
Բացի անմշակ հողերից, հարկ է նշել, որ վատ վիճակում է գտնվում ոռոգման ջրի ջրամատակարարման և որակի վիճակը: ԵԱՏՄ շուկայում արտադրվող գյուղմթերքների տեսականուց Հայաստանից առավել մրցունակ կլինեն ծիրանն ու խաղողը, որոնց որակը լավ է, բայց քանակն է քիչ: Խաղողի մի մասը նաև մթերում են՝ գինի, կոնյակի արտադրելու համար:
Ծիրանի դեպքում էլ խնդիրն այն է, որ հանկարծակի կարկուտը վնասում է ապրանքային տեսքը: Այսօր բանջարեղեն (մասնավորապես՝ լոլիկ) հիմնականում ներկրվում է Իրանից (հիմնականում՝ ադրբեջանական) և Վրաստանից (հիմնականում՝ Թուրքիայից): Այսինքն, երբեմն Իրանի սահմանով ադրբեջանական լոլիկ է գալիս, սակայն անունն իրանական է, իսկ Վրաստանի սահմանով էլ թուրքականն է գալիս, անունը՝ վրացական: Ղազախստանից, Ուզբեկստանից պտուղ-բանջարեղեն ներկրելիս գնի վրա ավելանում է նաև ճանապարհածախսը: Հայտնի է, որ Թուրքիայում գյուղմթերքի ինքնարժեքը փոքր է, քանի որ այն աճեցնելու վրա վառելիք չի ծախվում, Ադրբեջանում էլ օգտահործվող վառելիքը էժան է, իսկ մեզ մոտ այդպես չէ, ու ջերմոցատերերի համար բանջարեղենի ինքնարժեքը բարձր է լինում»,- մեզ հետ զրույցում նշեց Սարգիս Սեդրակյանը:
Նա ընդգծեց՝ այնպես չէ, որ հայկական հողում աճած լոլիկը հայկական է. օգտագործվում է թուրքական լոլիկի սերմ:
«Տարեցտարի հայկական լոլիկ քիչ են արտադրում, քանի որ դրանց արտաքին շերտը բարակ է և շուտ է փչանում, իսկ առևտրական գյուղացուն անհրաժեշտ է, որպեսզի լոլիկը շուտ չփչանա»,- նկատեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը: