Արցախում աճել են հանրային վտանգավորությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և տուժածների թիվը
Արցախում այս տարվա առաջին չորս ամիսներին գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 82 դեպք, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 111 անձ, մահացել` 5-ը:
Ըստ Արցախի դատախազության իրականացրած ուսումնասիրության՝ նախորդ չորս ամիսների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժողների թվում 45-ը տրանսպորտային միջոցների վարորդներն են, 60-ը` ուղևորները, 11-ը` հետիոտները:
«Ինչպես նկատելի է ներկայացված վիճակագրությունից` որպես կանոն առավել հաճախ տուժում են ուղևորները և վարորդները»,-նշում է դատախազությունը՝ հավելելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերին առնչվել է ընդհանուր 115 վարորդ: Ճանապարհատրանսպորտային պատահարներում ներգրավված է եղել 107 մարդատար և 9 բեռնատար մեքենա:
Ուսումնասիրված ժամանակահատվածում արձանագրվել է միջին ծանրության ու ծանր մարմնական վնասվածք պատճառած կամ մահվան հանգեցրած ճանապարհատրանսպորտային 28 դեպք (2020թ. նույն ժամանակահատվածում` 25), որի հետևանքով մահացել է 5 (2020թ. նույն ժամանակահատվածում` 2), վիրավորվել՝ 28 անձ (2020թ. նույն ժամանակահատվածում` 25):
«Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում տեղի են ունեցել վարորդի կողմից անսթափ վիճակում վարելու, արագությունը գերազանցելու, տրանսպորտային միջոցներն անսարք վարելու հետևանքով»,-հայտնում են Արցախի դատախազությունից՝ եզրահանգելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է հանրային վտանգավորություն ներկայացնող ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանից տուժած անձանց թվի աճ, ինչը դատախազությունը խիստ մտահոգիչ է համարում:
Արցախի դատախազությունը ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին կոչ է անում առավելագույն զգոնությամբ հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և խստագույնս պահպանել դրանք: Անհրաժեշտ է ցուցաբերել հանրային բարձր գիտակցություն և պատասխանատվության զգացում ու բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման կարգապահությունը, հակառակ պարագայում նման դեպքերի առնչությամբ պետության պատժողական քաղաքականությունը ենթակա կլինի վերանայման հօգուտ խստացման: