Ադրբեջանական զորքը գտնվում է սալի և մուրճի միջև. ադրբեջանագետ

Բռնատիրական ու պատերազմ հրահրող Ադրբեջանում մեկը մյուսի հետևից փակվում են ընդդիմադիր կայքերն ու փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, սակայն 21-րդ դարում գրեթե անհնար է որևէ բան թաքցնել:

«Ադրբեջանում Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո դժգոհություններ են առաջացել: Մարդիկ դժգոհ են թե՛ դրա արդյունքներից, թե՛ սոցիալ-տնտեսական վիճակից»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական ռազմական մեքենայի ողնաշարը ջարդված է:

«Հարձակողական պոտենցիալը գրեթե զրո է: Ունեն բազում վիրավորներ, 20․000-ից ավելի հաշմանդամ, ու նրանցից շատերին անգամ տեղեկանքներ չեն տրամադրում, որպեսզի կարողանան օգտվել համապատասխան սոցիալական ծրագրերից: Վերջերս մի դեպք հայտնի դարձավ. երբ ադրբեջանցի վիրավոր զինվորներից մեկի մայրը բարձրաձայնեց որդուն վատ բուժելու խնդիրը, հաջորդ օրը հիվանդանոցից զանգել ու ասել են, թե որդին մահացել է: Այսինքն, դժգոհությունը երկրի ներսում շարունակական բնույթ է կրում:

Իհարկե, երբ հերթական անգամ Ադրբեջանը կընկնի քաոսի մեջ, կարող ենք մեր իրավունքներն իրացնել: Չպետք է մոռանանք այն, որ չնայած ադրբեջանական զորքը Քարվաճառի, Լաչինի (Քաշաթաղի) շրջան է մտել, մի կողմից Արցախից մնացած մասն է հայկական վերահսկողության ներքո, մյուս կողմում էլ Հայաստանի Հանրապետությունն է, ու ադրբեջանական զորքը սալի և մուրճի միջև է գտնվում: Ու հանկարծ, եթե այդ երկրում ապակայունացում սկսվի՝ մեզ համար դժվար չի լինի երկու կողմից ոչնչացնել այդ զորախմբին: Մենք այս մասին պետք է մտածենք»,- նշեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանն ընդգծեց՝ հիմա կարևորը Արցախի կարգավիճակի հարցն է. «Տեսնում ենք, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դուրս են մնացել այս գործընթացից, ու նրանց միակ հնարավորությունը՝ ազդել գործընթացի վրա, դա Արցախի ճանաչումն է: Մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Հայաստանը ևս պետք է ճանաչի Արցախի անկախությունը՝ ասելով, որ ճանաչում է այս պետությունը, և փոխադարձ պայմանավորվածությամբ մեր զորքերն այնտեղ են: Հակառակ դեպքում, կամա թե ակամա, հաստատում ենք ադրբեջանական թեզն ու պատրաստ պետք է լինենք  փոխհատուցում վճարել: Հիմա էլ ուշ չէ՝ ճանաչել Արցախի անկախությունը, հատկապես որ, այնտեղ է արդեն ռուսական զորքը. հո նրանց հետ չե՞ն պատերազմելու»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս