Առանց տեղյակ պահելու լույսերն անջատում են, ձկների 15-20 տոկոսը սատկում է, ու շահույթի փոխարեն կորուստ է լինում. Հովտաշատի բնակիչներն ահազանգում են
Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչներն արդեն մի քանի ամիս հոսանքի տատանումների պատճառով լուրջ վնասներ են կրում:
Նրանց փոխանցմամբ՝ այդ տարածքում նաև ջերմոցներ, ձկնաբուծարաններ կան, որոնց սեփականատերերը ևս տուժում են:
«Հոսանքի տատանումներից մեծ վնասներ ենք կրում: Առանց տեղյակ պահելու՝ լույսերն անջատում են, ու այդ ժամանակ ձկների 15-20 տոկոսը սատկում է ու շահույթի փոխարեն՝ կորուստ է լինում: Դիմել ենք ՀԷՑ-ին՝ ասել են, որ աշխատանքներ են կատարվում: Որպես այլընտրանքային տարբերակ՝ գեներատոր ենք օգտագործում, սակայն երբ հասկանում ենք, որ անջատվել է հոսանքը, ու գեներատորը մինչ ակտիվացնում ենք, 15-20 րոպե անցնում է: Հոսանքը շուտ-շուտ է անջատվում, որովհետև համակարգը լրիվ հին է»,- մեզ հետ զրույցում ասաց ձկնաբուծարաններից մեկի սեփականատեր Կարեն Վարդազարյանը:
Գյուղի բնակիչներից Գուրգենն էլ նշեց, որ օրերս էլ ուժեղ քամուց ահագին տուժել են:
«Անձամբ ես մեծ վնաս եմ կրել՝ ծառեր են շուռ եկել, տանը որոշ ապրանքներ են փչացել: Իսկ փոխհատուցման համար դեռևս ոչ մի տեղ չեմ դիմել»,- հավելեց նա:
Կապ հաստատեցինք նաև Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի հետ, ով հայտնեց, որ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացնում, ու գուցե հոսանքի տատանումները դրա հետևանքով են լինում, ինչպես նաև կապ ունեն վերջին օրերի ուժեղ քամիները:
«Գյուղում արդեն փոփոխություն են արել, ենթակայան (պադստանցիա) են տեղադրել, որ գերբեռնում չլինի: Սակայն այս վերջին ամսում ավելի շատ քամիներից, անձրևներից են հոսանքները տատանվում, իսկ հիմա առանձին տրանսֆորմատոր են տեղադրել Հովտաշատի ուղղությամբ: Առաջ մի տրանսֆորմատորը երեք գյուղ էր սպասարկում, իսկ հիմա կոնկերտ Հովտաշատը մեկն է սպասարկում: Մոտ երեք ամիս է՝ շահագործվում է, թերություններ կային, սակայն կարծես թե կարգավորվում է»,- մանրամասնեց Հովտաշատ համայնքի ղեկավարը:
Ինչ վերաբերում է հոսանքի տատանման հետևանքով վնասներ կրած բնակիչներին, ապա նրա փոխանցմամբ՝ պետք է դիմեն ՀԷՑ-ին: