«Նիկոլն իր ամեն հայտարարությունով իշմար է տալիս թուրքին, ասում է՝ ինչ պետք է՝ կանեմ, դուք կգաք․․․ ինչպես իրենք քայլելով, շվշվացնելով եկան, այնպես էլ հիմա թուրքերը կգան». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չգիտի՝ ինչ է բարձունքը, անվտանգության գոտին, սահմանը, հայրենիքը, այդ պատճառով էլ այդ ամենի վերաբերյալ նրա բոլոր հայտարարություններն աբսուրդ են։

«Նիկոլի բոլոր հայտարարությունները՝ կապված պետականության, սահմանի, բանակի հետ, չեն ենթարկվում որևէ տրամաբանության։ Նիկոլը մեր ժողովրդի ու երկրի համար երբեք չի կայացրել որևէ հայանպաստ, օգտակար որոշում և չի էլ կայացնելու։ Նա եկել է մեր երկիրը քանդելու ու սպասարկելու բոլոր այն երկրների շահերը, որոնք ուզում են Հայաստանը ոչնչացնել։ Նա միայն թշնամու շահերն է սպասարկում։ Նիկոլն առհասարակ չի կարող հասկանալ՝ ի՞նչ է նշանակում՝ բարձունք, դիտակետ, խրամատ, առաջնագիծ, զինվոր, պատիվ, կրկնում եմ՝ պատիվ, սահմանների պաշտպանություն և այլ բաներ։

Նա երբեք նման բաներ չի իմացել ու չի էլ իմանալու։ Կարծում եմ՝ չկա այդպիսի մարդ, որը նույնիսկ ռազմական գործից շատ հեռու է, որը կասի, թե բարձունքը պետք չէ։ Միայն թշնամին կարող է այնպիսի բաներ խոսել, ինչ այսօր խոսում է Նիկոլը։ Յուրաքանչյուր բարձունք մեզ համար կենսական նշանակություն ունի, մեզ համար կարևոր է, թե որտեղից ենք վերահսկում թշնամուն, որքան մեր դիրքերը բարենպաստ լինեն և ստրատեգիկ առումով ճիշտ՝ այնքան մեր հնարավորությունները մեծ են՝ վերահսկելու թշնամու յուրաքանչյուր գործողություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կա բարձունք, որ ամբողջ տարին ձյուն է, հետևաբար՝ իմաստը ո՞րն է՝ այդ բարձունքում զինվոր կանգնի։

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին  Երևանի վարչական շրջաններում անցկացրած հանդիպումների շրջանակներում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային ընդհանուր իրավիճակին՝ ասել է, որ կան բարձունքներ, որտեղ ամբողջ տարին ձյուն է, հետևաբար՝ իմաստ չկա, որ այնտեղ զինվոր կանգնի. «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»,- նշել է նա։

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որով նա նսեմացնում է հայ զինվորին և առհասարակ հայոց բանակը։

Նույն այդ հանդիպումների շրջանակներում նա ասել էր, թե նախկինում բանակում զինվորները նորմալ սնունդ չեն ունեցել։

Գևորգ Գևորգյանի խոսքով՝ ելակը նախատեսված չէ բանակում զինվորների ուտելու համար, զինվորը պետք է կարողանա չափավոր ուտել, հաղթահարել յուրաքանչյուր խնդիր, դժվարություն։

«Բանակ զորակոչվում են 18 տարեկանում, որտեղ այդ տղաները պետք է սովորեն դառնալ տղամարդ և կարողանան կատարել ու հաղթահարել յուրաքանչյուր առաջադրանք։ Զինվորը ծառայում է, որպեսզի դառնա պատասխանատու անձ, սնունդը չափավոր պետք է լինի, նա չի կարող կուշտ փորով ուտել, նա պետք է ուտի այնքան, որ ուժ ունենա պայքարել, կռվել, ծառայել։ Ելակ այդ տղանները կարող են ուտել ոչ թե բանակում, այլ զորացրվելուց հետո։ Ծառայության գաղափարը լրիվ ուրիշ է, երկրի ծառայության նվիրումը՝ լրիվ ուրիշ»,- շեշտեց Գ. Գևորգյանը։

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարություններով թուլացնում է  ժողովրդի ուշադրությունը և կարմիր գորգը փռելով՝ երկրի դռներն է բացում թուրքի առաջ։

«Ինչպես իրենք քայլելով, շվշվացնելով եկան, այնպես էլ հիմա թուրքերը կգան՝ 44 օր քայլելով եկան, հիմա էլ գալու են սահմանները գրավելու։ Նիկոլն իր ամեն հայտարարությունով իշմար է տալիս թուրքին, ասում է՝ մի անհանգստացեք, հիմա ինչ պետք է՝ կանեմ, դուք կգաք։ Նիկոլը թուրքի աթանդա է կանգնել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից այս ամենը շարունակվելու է, եթե ժողովուրդը չարթնանա ու Նիկոլին չքշի իր աթոռից դեպի ԱԱԾ պադվալ և պատասխանատվության չկանչի նրա ամբողջ թիմին։ Եթե ժողովուրդը նման քայլի չգնա, ապա ինքն իր ձեռքով թերթելու է հայոց պատմության վերջին էջը»,- եզրափակեց Գևորգ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս