Պատրաստ ենք սկսել զորքերի հետքաշումը Սոթք-Խոզնավար հատվածից. սպասում ենք ազդանշանի ԵԱՀԿ-ից. Փաշինյան

Այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանում իր համակիրների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրեր առաջ հնչեցրած՝ Սոթքից Խոզնավար հատվածում զորքերի հետքաշման ու այնտեղ դիտորդների տեղակայման վերաբերյալ իր առաջարկին ու երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբից եկած պատասխանին, հետո էլ  նշեց, թե հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է այդ հատվածից հետ քաշել մեր զորքերը, միայն թե սպասում են ադրբեջանական իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդանշանին:

«Իմ գնահատմամբ՝ մենք հիմա շատ արագ դեէսկալացիայի հնարավորություն ունենք, որովհետև ես նախորդ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունեցա, և նաև վերջին օրերին մեր մի շարք գործընկերներ հանդես են եկել հայտարարություններով, և ես ուզում եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնել իրավիճակին այդպիսի ուշադրությամբ հետևելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ մեր գործընկերներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին՝ Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, Եվրոխորհրդարանին, Հնդկաստանին, Կանադային, մյուս երկրներին, որոնք արձագանքել են:

Բայց ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությանը: Ուզում եմ ասել, որ ողջունում եմ այդ հայտարարությունը, և այնտեղ ներկայացված քայլերի տրամաբանութունը սկզբունքորեն ըստ էության ընդունելի է մեզ համար: Ինչո՞ւմ է այդ քայլերի տրամաբանությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիշեցնեմ, որ համանախագահող երկրներ են Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, կոչ են արել, որ անհետաձգելի քայլեր ձեռնարկվեն սահմանային լարվածությունը նվազեցնելու համար, և ըստ էության առաջարկվել է, որ կողմերն իրենց զորքերը հետ քաշեն, և այս համատեքստում է արված հայտարարությունը՝ անհետաձգելի քայլերի մասին: Եվ շարունակությունը կարևոր է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աջակցությամբ իրականացնել սահմանների, սահմանային կետերի ճշգրտման աշխատանք՝ դեմարկացիա, դելիմիտացիա:

Ես ուզում եմ ասել, հավաստել, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է գնալ այդ ճանապարհով, և մենք պատրաստ ենք ցանկացած պահի, ինչպես նշել էի, զորքերի հետքաշման գործընթացը, և սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի մենք միաժամանակ սկսենք զորքերի հետքաշումը: Խոսքը, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, որտեղ արդեն մայիսի 12-ից մենք ունենք որոշակի լարվածություն: Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո սկսել հենց այդ հատվածից սահմանների, սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները, և, իհարկե, պատրաստ ենք համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը: Սա, իհարկե, տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից՝ բանակցային գործընթացը, Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով:

Ընդհանուր առմամբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ անդրադարձ կար նաև գերիների խնդրին, և ասվում էր, կոչ էր արվում, որ գերիները վերադարձվեն: Մենք այդ կետը նույնպես ողջունում ենք:

Եվ, ըստ էության, էլի ասեմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետքաշումը և մենք սպասում ենք դրա համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդանշանին, որ համաձայնությունը, պայմանավորվածությունը ձեռք է բերված Ադրբեջանի իշխանությունների հետ, և գործընթացը սկսենք և դեէսկալացիան, կարծում եմ, այո՛, կարելի է  այսօրվանից սկսել: Համենայն դեպս, մենք պատրաստ ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս