Բաժիններ՝

Չապաշխարող մարդը մշտապես վստահ է սեփական ճշմարտացիության մեջ, ինչն էլ նշանակում է, որ նա հակված է ամենինչում մեղադրել բոլորին, բայց երբեք ոչ իրեն

Հիսուս իր հրապարակային ծառայությունը սկսեց ապաշխարության կոչով: Ապաշխարությունը քրիստոնյայի ամենակարևոր սխրանքն է և ունի բացառիկ հոգևոր նշանակություն: Սակայն այն նախևառաջ մարդկային հոգևոր գիտակցություն է, այլ ոչ պարզապես եկեղեցական արարողակարգ:

Թվում է, թե մեր հոգևոր կյանքում ամենից կարևորը մեղքեր չգործելն է, սակայն մարդն ի ծնե սխալական է: Երբ մարդը մեղքեր է գործում, դա վկայում է նրա անկատարության և տկարությունների մասին: Իսկ երբ հրաժարվում է ապաշխարությունից, գիտակցաբար հրաժարվում է իր տկարություններն ու անկատարությունները մաքրագործելու Աստծո շնորհած եզակի հնարավորությունից, ինչի արդյունքում մարդն իրեն ուղղակիորեն զրկում է Աստծո ողորմությանն արժանանալու և Նրա անսահման սերը վայելելու շնորհից:

Չապաշխարող մարդը մշտապես վստահ է սեփական ճշմարտացիության մեջ, ինչն էլ նշանակում է, որ նա հակված է ամենինչում մեղադրել բոլորին, բայց երբեք ոչ իրեն:

Սակայն հիշենք, որ Հիսուս լինելով բացառձակապես կատարյալ, այդուհանդերձ ընդունեց զղջացող մարդու կերպարանք և սրտաբեկվածների ամբոխի առջև գնաց Հորդանան՝ Հովհաննեսի մոտ՝ այսկերպ եզակի և աստվածային օրինակ ծառայելով մեզնից յուրաքանչյուրին և ընդգծելով ապաշխարության բացառիկ նշանակությունը մեր կյանքում:

Ուստի, ապաշխարությունը սեփական մեղքի գիտակցումն է և դրանից ազատագրվելու ցանկությունը, ինչն էլ մեզ բերում է հոգևոր փոխակերպման: Ապաշխարել չի նշանակում պարզապես մասնակցել եկեղեցական խորհրդին կամ սեփական շուրթերով խոստովանել մեղքերը: Ապաշխարել նշանակում է անցնել երկարատև հոգևոր բարեփոխման ճանապարհ և կատարել կոնկրետ գործողություններ, քանզի ինչպես մեղքն է արտահայտվում կոնկրետ և հստակ գործողությամբ, այնպես էլ ապաշխարությունը պետք է արտահայտվի հստակ գործողությունների միջոցով:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս