Սոթքից Խոզնավար Թուրքիայի ռազմական կոնտինգենտի տեղակայման համար Փաշինյանը դուռ է բացում. սրում ՀԱՊԿ-Արևմուտք հարաբերությունները. Արտակ Զաքարյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ մտահոգություն ունի, թե Փաշինյանն անգամ չի հասկանում այն, ինչ իրեն ասում են ռուսները։

Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրից իր աջակիցների հետ հանդիպումներ էր նախաձեռնել երևանյան տարբեր վարչական շրջաններում, և բոլոր հանդիպումների ժամանակ անդրադարձ կատարեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու նախկին բոլոր նախագահներին։

Ըստ Փաշինյանի՝ Արցախի հարցում Առաջին նախագահի կոնցեպտն Արցախն Ադրբեջանին հանձնելն է եղել։ Փաշինյանը նաև հավելեց. «Սկսած 1997 թվականից՝ դուք բոլորդ բանակցել եք 7 շրջանները հանձնելու մասին, անվերապահորեն: Դա նույնիսկ քննարկման առարկա չի եղել որևէ մեկի կողմից՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կողմից»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Փաշինյանի մեկնաբանությունները նախ համարեց քաղաքական տհասության և անճարության հետևանք, ապա շեշտեց.

«Եթե նախկինները հանձնում էին 7 շրջանները, այդ դեպքում ցույց տուր փաստաթուղթ, որով 7 շրջանները հանձնվելու էին»։

Զաքարյանն ընդգծեց, թե որևէ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ Փաշինյանը կարող է այսպիսի պատերազմ բերել ու բերել-հասցնել այն մինչև Շուշի։

Զաքարյանը հերքեց նաև Փաշինյանի այսօր արած մյուս պնդումը, թե նախկինների բանակցային փաթեթում մշտապես եղել է Շուշին՝ նկատելով, որ Շուշին բանակցության թեմա դարձնելը հերքել են և՛ ԵԱՀԿ համանախագահները, և՛ անգամ Փաշինյանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Նույնիսկ Ադրբեջանի մտքով Փաշինյանի ասածի պես բան չի անցել, որովհետև մարդահամարի տվյալներով ֆիքսված էր, որ հանրաքվեի իրականացումը պետք է լինի 76% հայ և 24% ադրբեջանցի բնակչության համամասնությամբ, և սա է պաշտոնական Երևանի կողմից բանակցվել։ Նիկոլն Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում, նա մեր ներքին թուրքն է, և իր այսօրվա արած ձևակերպումները բխում են թուրքերի շահերից»,- ասաց Զաքարյանը։

Հարցին՝ արդյոք Հայաստանի շահերի՞ց է բխում Փաշինյանի առաջարկը ԵԱՀԿ համանախագահներին՝ Սոթքից մինչև Խոզնավար դիտորդներ տեղակայելու վերաբերյալ, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ Սոթքից մինչև Խոզնավար հայկական զորքը ետ քաշելու և այլ երկրի դիտորդ տեղակայելու Փաշինյանի ասածը ցնդաբանություն է, շատ վտանգավոր է, որի մասին, ի դեպ, երեկ առաջին անգամ լսեցին նաև Անվտանգության խորհրդի անդամները, և որն էլ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականի պատճառը դարձավ։

«Փաշինյանն առաջարկում է, որ այլ երկրների զինված կոնտինգենտ գա և տեղակայվի Հայաստանի սահմանին, իսկ դա բերելու է մեր տարածաշրջանում միջազգային մասշտաբների շահերի բախման։ Հարց է առաջանում, թե դրան ինչպես կարձագանքեն Իրանն ու Վրաստանը, և արդյո՞ք Ադրբեջանը չի պնդելու, որ Թուրքիան ներգրավվի դիտորդներ տեղակայելու գործին։ Սա շատ վտանգավոր է Հայաստանի և Արցախի համար. Արցախի համար վտանգավորությունը կայանում է նրանով, որ թաղելու է Արցախի հարցը։

Ալիևը տեսնում է, որ հունիսի 20-ից հետո Նիկոլը չի լինելու, դրա համար հիմա պարտադրում է Փաշինյանին՝ ստորագրել, որովհետև Փաշինյանի առաջարկով Հայաստանի տարածքը դառնում է միջազգային շուկա՝ լիկվիդացիոն գներով, Փաշինյանը հրաժարվում է ժողովրդին պաշտպանելուց, հրաժարվում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունից։ Նրան թվում է, որ մի քանի միջազգային դիտորդ որ եկավ, դրոշը դրեց մեր երկրում, հարցը լուծվեց, սակայն դրանով ոչ միայն բանակին, ՀՀ հեղինակությանն է ծանր վնաս հասցնում, այլ նաև Հայաստանի սահմաններին սրում է ՀԱՊԿ-Արևմուտք հարաբերությունները և դուռ բացում Թուրքիայի՝ Հայաստանի սահմաններին՝ Սոթքից մինչև Խոզնավար, տեղակայվելու համար, ու դրա մեջ մտնելու է Լաչինի միջանցքը։ Եթե Փաշինյանի այս պլանը իրականացվեց, մենք անգամ մեր սահմանների կահավորումը չենք կարող իրականացնել»,- ասաց Զաքարյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարարը խոսեց նաև Կառավարության երեկ ընդունած որոշումներից մեկի մասին, որով Կապան, Տեղ, Մեղրի համայնքներից հողամասեր են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը։

Ըստ Զաքարյանի՝ այս որոշմամբ Փաշինյանը հիմք է դնում Սյունիքի միջանցքի հանձնման մեկնարկին։

«Սա մեզ հուշում է, որ Նիկոլն Ալիևի տված իր խոստումը կատարում է և միջանցք է տրամադրում, ու պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը նորից ակտիվացրել են, իրենց ձևակերպմամբ՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածը, Էրդողանն էլ շուտով մեկնելու է Ադրբեջան ու լինելու է Շուշիում։ Նիկոլն իր հակահայկական վերջին ակորդներն է կատարում»,- ասաց Պաշտպանության նախկին փոխնախարարը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս