«Այս ամենն այն խոստումների հետևանքն է, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր կամ չգիտեմ ինչ պայմանավորվածությունների արդյունքում տվել է թշնամուն». Աշոտ Մինասյան
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, վստահ է, որ եթե մի պետություն չի ցանկանում ինքն իրեն, իր սահմանները պաշտպանել, ապա որևէ մեկը դա չի անի։
«Որքան էլ մենք ՀԱՊԿ անդամ լինենք, կամ այդ կառույցը մեր բարեկամը լինի, հարկավոր է ամեն ինչին ճիշտ նայել։ Մենք ո՞վ ենք, մենք ընդհանրապես ապրելու իրավունք ունե՞նք, մենք իրավունք ունե՞նք մեզ այսպես պահելու, սա ինձ համար մնում է անհասկանալի։ Ո՞ւր է մեր բանակը, զորքը, որտե՞ղ է մեր ոստիկանությունը, որն այդքան հավաքում ու հավաքում են անհասկանալի, թե իրենց ապահովության համար են այդքան ոստիկանություն հավաքում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ խաղաղապահ առաքելություն իրականացնեն»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Աշոտ Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Խոզնավար-Սոթք հատվածում դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ։
Նա ընդգծեց, որ Հայաստանն ունակ էր ավելի վաղ զորքը հանել ու իր սահմանները պաշտպանել, սակայն նման բան չարեց, թե ինչո՞ւ և ո՞վ չարեց, այլ խնդիր է, որը պետք է գիտակցել ու հասկանալ։
«Այս ամենն այն խոստումների հետևանքն է, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր կամ չգիտեմ ինչ պայմանավորվածությունների արդյունքում տվել է թշնամուն։ Ես քիչ առաջ ծանոթացա նրա այն խոսքին, որ ասում է, թե Հայաստանը հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չի՞ սկսելու։ Ի՞նչ է նշանակում՝ 30 տոկոսի կամ ինչի համար, ամեն մի կտոր հողը մի ամբողջ հայրենիք է, ամեն կտորն ու թիզը։ Դրանք մեր կարևորագույն կետերն են, բարձունքներն են։ Սրանից առաջ էլ էն Անդրանիկ Քոչարյանն է, ինչ է, ասում էր, թե չպահվող բլուրներ են, ի՞նչ է նշանակում՝ չպահվող բլուր։ Ես չեմ կարողանում դրանց տրամաբանությունը հասկանալ, դրանք ո՞ւմ են նայում, ինչի՞ են նայում, ո՞ւմ են ծառայում»,- հավելեց Աշոտ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր երկիրն ամեն պահի գլորում է անդունդը կամ էլ կտոր-կտոր հանձնում է թշնամուն, նա թյուրիմացություն է, որը հայտնվել է երկրի կառավարման ղեկին։
«Նիկոլը վտանգ է ներկայացնում ոչ միայն Սյունիքի ու ամբողջ Հայաստանի, այլև Արցախի համար։ Այսպես հատված առ հատված հանձնելով՝ մենք վտանգում ենք նաև Արցախի մնացած հատվածի ճակատագիրը։ Մենք չենք կարողանում հասկանալ նրա նպատակը, թե մի ամբողջ երկիր ուր է տանում։ Խոսում էին 5 մլրդ դոլարից, արդյո՞ք դրա մեջ չի մտնում նաև այն, որ Ադրբեջանին հանձնի նաև հայրենիքի մնացած հատվածը։ Ես չեմ կարողանում հասկանալ, պատկերացնել այս մարդկանց հայրենադավ քայլերը, դրանք հայրենադավներ են։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ են այդքան ատելությամբ լցված մեր հայրենիքի, ժողովրդի, պետության նկատմամբ, և ովքե՞ր են նրանց թույլ տվողները»,- շեշտեց Աշոտ Մինասյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։
«Չեմ կարծում, որ նա ինքնակամ գնա, չնայած կառավարության ներսում նկատում եմ որոշակի խլրտոցներ։ Եթե Նիկոլն օր առաջ չգնա, մենք պետք է նրան կարողանանք ընտրությունների միջոցով հեռացնել, որից հետո իրավապահները սկսեն զբաղվել նրանց հարցերով»,- եզրափակեց Աշոտ Մինասյանը։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրեց առաջարկ, որը հանրության ու փորձագիտական շրջանակներում զարմանք է առաջացրել։ Նա Անվտանգության խորհրդի նիստում առաջարկությամբ դիմեց Ադրբեջանի կառավարությանը և միջազգային հանրությանը.
«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:
Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»։