Մենք թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է։ Այն մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր ձգտումը։
1918 թվականի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջև էր կանգնած։ Թվում էր, թե անխուսափելի է կործանումը։ Թվում էր, թե մենք վերջնականորեն կորցնելու ենք մեր հայրենի հողի վրա պետություն ստեղծելու և մեր բնօրրանում ապրելու իրավունքից։ Սակայն ժողովրդի ուժերի գերլարումով, Արամ Մանուկյանի ոգու և կամքի առաջնորդությամբ հայությունը կարողացավ կանգնեցնել թշնամու գրոհը և Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում մեկընդմիշտ հաստատել ինքնիշխան պետություն ունենալու իր անքակտելի իրավունքը:
Սիրելի հայրենակիցներ,
Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները՝ Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն, Նժդեհը, Դանիել ու Պողոս Բեկ-Փիրումյանները, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղան, ողջ հայկական բանակն ու աշխարհազորայինները, զենքը ձեռքին կռվող հոգևորականները դարձան Հայաստանի անկախության կերտողները:
Այսօրվա Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն ու մյուս հերոսները մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչներն են, ովքեր առանց վարանելու ամուր կանգնած են իրենց հողի և ջրի վրա:
Դժվար պահերին հայ ժողովուրդը մշտապես կարողացել է համախմբվել, լինել մի բռունցք, բոլոր ուժերն ուղղել հանուն պաշտպանության, հանուն ինքնիշխանության և պետականության:
Համոզված եմ, այսօր էլ պետք է գործենք նույն ոգով, Երևանից մինչև սահմանապահ գյուղեր լինենք որպես մեկ ընտանիք՝ ի շահ մեր սիրելի Հայրենիքի անվտանգության ապահովման:
Մենք մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով, հաստատակամությամբ կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում և թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին:
Մեր սուվերենությունն ու անկախությունը քննարկման առարկա լինել չեն կարող: Եվ ինչպես Արամ Մանուկյանն էր 1918-ի հուսահատության օրերին ասում՝ «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն այսօրվա մեր առաջնային խնդիրն է, որից հետո, անկասկած, հայ ժողովուրդը քայլելու է մեր երազանքների Հայաստանի կերտման ճանապարհով: Ուստի միասին դեպի գործ և աշխատանք: