Քաղաքականությունը, նամանավանդ այս պարագայում, պետք է լինի իլյուզիաներից զերծ․ Արման Աբովյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։
Անվտանգության խորհրդի նիստին ներկա էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ․ 168.am-ը ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե Նիկոլ Փաշինյանի առաջարկն ինչպես է գնահատվել կուսակցության կողմից, ի պատասխան՝ նա նշեց․ «Առայժմ չեմ մեկնաբանի․ մենք քննարկումից հետո անպայման մեր դիրքորոշումը կարտահայտենք»։
Հարցին, թե նիստին կարծքների փոխանակում եղե՞լ է, լսե՞լ են ներկաներին, Արման Աբովյանը պատասխանեց․ «Այո, բայց քանի որ նիստը փակ էր, ես չեմ կարող մանրամասներ հնչեցնել։ Կարող եմ ասել միայն մի բան, որ բոլոր մտահոգությունները և տեսլականը, որը բազմից ես և իմ գործընկերները հանրային հնչեցրել ենք, նիստին հնչեցվել են»։
Անդրադառնալով առկա անվտանգային մարտահրավերներին՝ պատգամավորը շեշտեց․ «Քաղաքականությունը, նամանավանդ այս պարագայում, պետք է լինի իլյուզիաներից զերծ։ Թուրքը և ադրբեջանցին հասկանում են միայն և միայն իրավիճակին համարժեք պատասխաններ. այլ կերպ ասած՝ (հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ պայմանները՝ բայց) մենք տեսնում ենք, որ թուրքը և ադրբեջանցին օրեցօր ավելի ու ավելի լկտիանում են, իսկ պատճառները՝ ինչու են լկտիանում, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ են»։
Ինչպես արդեն հայտնել էր 168.am-ը, մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։