Սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի մաս. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի աճի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը 2021 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինվորների գերեվարումն է: Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքից: Երկու երկրների միջև սահմանի սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվի որպես կողմերի միջև բանակցությունների մի մաս, առանց որևէ հետագա գործողության»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հիշեցնում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 13-ի հայտարարությունը:
Ելիսեյան պալատը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի առնչությամբ հայտարարել էր, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության վերականգնման նպատակով իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։
«Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»մ- ասված էր Ելիսեյան պալատի հայտարարության մեջ: