Փաշինյանը վտանգավոր շանտաժի է ենթարկում Ռուսաստանին. Կարեն Քոչարյան

Ադրբեջանը հիմա Հայաստանի նկատմամբ լայնածավալ գործողություններ է փորձում իրականացնել, որովհետև 2018 թվականին ու դրանից հետո 2.5 տարի անընդհատ պառակտել է հայ ժողովրդին՝ հին ու նորով, դագաղներով, ատելությամբ ու սև-սպիտակով։

Ալիևը հիմա գնում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ճանապարհով և խոսում է Սյունիքի, Սևանի մասին, ու թեև սրանց ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստան մտած ադրբեջանցի զինվորները պետք է հեռանան Հայաստանից, սակայն իրականությունը բոլորովին այլ է՝ սա ընդամենը խոսք է, 15 օր է, որևէ քայլ չի արվում, 250 զինվորն այսօր արդեն դարձել է 1000, մյուս կողմից՝ գուցե արվում է, և այդ քայլը «Էստի համեցեքն է»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ընթացող զարգացումներին ու դրանց ի պատասխան՝ իշխանության գործողություններին կամ անգործությանը, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ոչինչ չանող իշխանությունն այսօր գնում է վտանգավոր զարգացումների, ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով.

«Նոյեմբերի 9-ին, ժամը 6-ին Փաշինյանը գրառում կատարեց, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, 3 ժամ անց ստորագրվեց կապիտուլյացիայի հայտարարությունը. նույնը հիմա է, և ամենևին չեմ բացառում, որ 2-րդ կապիտուլյացիան ստորագրի»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին՝ զուգահեռաբար Փաշինյանը շանտաժի է ենթարկում։

«Փաշինյանը որևէ բան չի կարողանում անել, նրան մնացել է հոխորտալ ու շանտաժ անել։ Մի անգամ փորձեց Ռուսաստանին «Իսկանդերով» շանտաժ անել, հիմա ևս շանտաժի է ենթարկում Ռուսաստանին։ Շատ վտանգավոր է»,- ասաց Կարեն Քոչարյանը՝ ընդգծելով, որ մի կողմից՝ շանտաժի է ենթարկում, մյուս կողմից՝ ինքն այլևս ոչ թե ուրիշի սապոգը լիզող է, այլ սապոգի տակի կեղտ, ու դրանով հանդերձ՝ շարունակում է նախկիններին մեղադրել այլ տերություններից կախվածության մեջ լինելու համար։

Խոսելով այս իշխանության՝ ՌԴ-ից ունեցած կախվածության մասին՝ Կարեն Քոչարյանն անդրադարձավ կառավարության այսօր ընդունած որոշումներից մեկին, ըստ որի՝ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքների հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով նվիրել են ՌԴ անվտանգային դաշնային ծառայությանը։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին, մարդ, որը ընդդիմադիր պատգամավոր էր և ասում էր, որ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, հիմա Հայաստանում երկրորդ և երրորդ բազաներն է բացում»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս