Ադրբեջանցիները եկել են Փաշինյանի տված խոստման ետևից՝ դիմադրություն չստանալու երաշխիքով. կարծում եք՝ ՀԱՊԿ-ում չգիտե՞ն այդ խոստման մասին. Վլադիմիր Մարտիրոսյան
Մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակել և գերեվարել են ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի։ Առավոտյան հայտարարություն տարածեց ՀՀ ՊՆ-ն՝ հավելելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի տարածքից հայ զինվորների գերեվարությանը, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը մեր դեմ կիրառված հարձակմանն ու ագրեսիային հետևողի դերում է, քանի որ չի անում և չունի ցանկություն որևէ կերպ դրանց հակազդելու։
«Հարց է առաջանում, թե ՀՀ-ն ինչո՞ւ է հայտնվել մի իրավիճակում, որ անվտանգային ռազմական համակարգը չի արձագանքում կատարվողին և չի կատարում իր գլխավոր ֆունկցիան՝ անվտանգության ապահովումը։ Ինչո՞ւ է այսպես, հարցի պատասխանը պարզ է՝ ադրբեջանցիները եկել են Հայաստան իրենց խոստացածի հետևից, նրանք եկել են՝ ունենալով երաշխիք, որ անվտանգային համակարգը դիմադրություն ցույց չի տալու։ Ադրբեջանը եկել է այն ամենի հետևից, ինչը Փաշինյանը խոստացել է հանձնել Ադրբեջանին»,- ասաց Մարտիրոսյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ ասվածի ապացույցն այն է, որ մեզ վրա հարձակվել են, բայց մենք չենք դիմադրում, ավելին՝ տրված է չկրակելու հրաման, և սա է պատճառը, որ Ադրբեջանը ցանկանում է նաև վերցնել ավելին, քան խոստացվել է։
«Զինվորն այսօր իր հիմնական գործառույթը չի կատարում, քանի որ հրաման է տրված չկրակելու»,- ասաց Մարտիրոյանը։
Դիտարկմանը, որ հայ զինվորն այսօր չի կրակում, որովհետև, ըստ Նիկոլ Փաշինյանի, ՀԱՊԿ-ում մեր գործընկերներն են մեզ հորդորել ռազմական գործողության չդիմել, Վլադիմիր Մարտիրոսյանն արձագանքեց.
«Իսկ Փաշինյանը մեղավոր չէ՞, որ այսօր ՀՀ Զինված ուժերը որևէ դիմադրություն ցույց չեն տալիս, չէ՞ որ ադրբեջանցիները երաշխիք ունեն, որ դիմադրություն ցույց չի տրվելու, և հիմա Փաշինյանը մեղավորներ պետք է նշանակի՞։ Հիմա Փաշինյանը մեղավոր է նշանակում ՀԱՊԿ-ին, և ստացվում է՝ մեր պետության անվտանգության ապահովումը դնում է այդ կառույցի վրա՝ ինքը որևէ բան չանելով։ Զինված ուժերին թույլ չեն տալիս իրենց գործառույթն իրականացնել, և մեղադրում է այլ անվտանգային համակարգի»,- ասաց Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ սա պատահական չի արվում։
«Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ ՀԱՊԿ-ը չունի կասկածներ, որ Ադրբեջանը մտել է Հայաստան՝ իրեն խոստացվածը վերցնելու, հետևաբար՝ իրենց միջամտությունը կարող է լինել ծուղակ։ Գործ ունենք պլանավորված դավադրության հետ, և դա չբացահայտելու համար է, որ Փաշինյանը փորձում է օտարել իր խոստումը ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի վրա, որոնք կարող են այս ամբողջ ինֆորմացիայի կրողը լինել։ Մեր արտաքին պարտնյորները գիտեն, որ խոստում, թերևս, եղել է, և իրենց միջամտության դեպքում վատամարդը լինելու են իրենք։ Իշխանությունն ունի պարտավորություն մեր երկրի, մեր հայրենիքի հողերը հանձնելու»,- ասաց Մարտիրոսյանը՝ փորձելով այդպես հիմնավորել, թե ինչու ռուսական կողմը հայտարարություն կամ կոչ չի անում Ադրբեջանին՝ զորքերը ՀՀ տարածքից դուրս բերելու մասին: Ըստ մեր զրուցակցի՝ հայտարարության բացակայությունը կարող է պայմանավորված լինել Փաշինյանի տված խոստումներով։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում