«44-օրյա պատերազմից անցել է 7 ամիս՝ որևէ դավաճան, հանցագործ չունեցանք, որևէ մեկը չպատժվեց, այս ամենը դրա արդյունքն է՝ նույն պատմությունն են սարքում». Սերոբ Գասպարյան
«Սև Հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, խայտառակություն է համարում այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, երբ թշնամին հատել է սահմանը և ՀՀ սուվերեն տարածքից գերեվարել հայ զինծառայողների։
Հարցին, թե ինչո՞ւ մայիսի 12-ից մինչև այսօր ՀՀ պատկան մարմինները որևէ քայլ չիրականացրեցին թշնամուն իր ելման դիրքերը վերադարձնելու համար, Սերոբ Գասպարյանը հարցով պատասխանեց.
«Իսկ մենք այսօր ունե՞նք պատկան մարմիններ, սա խնդիր է՝ չունենք զբաղվող մեկին, չունենք պատասխանատու։ Բոլոր ժամանակներում, դարերում, երբ պատերազմներն ավարտվում են, դրանք ունենում են հանցագործներ, դավաճաններ։ Արցախի 44-օրյա պատերազմից անցել է 7 ամիս, և մենք որևէ դավաճան ու հանցագործ չունեցանք, որևէ մեկը չպատժվեց, այս ամենը դրա արդյունքն է։ Հիմա նույն պատմությունն են սարքում։ Ի՞նչ գործ ունի զինված թուրքը մեր հողում, մեր սահմաններից ներս, եթե մենք ունենք իշխանություն, բանակ, Պաշտպանություն։ Որևէ գործողություն չի կատարվում, չեմ ուզում չակերտները բացել, քանի որ հիմա իքս վայրում եմ գտնվում, որպեսզի վաղը չասեն, թե ես կոորդինատներ եմ տվել թշնամուն։ Այսինքն՝ իրենք են կոորդինատները, և դա վերագրում են ուրիշի։ Սա խայտառակություն է, հայ ազգի ամոթն ամբողջ աշխարհով մեկ։ Մենք բոլոր տեղերում հպարտորեն ասում ենք՝ հայ ենք, բայց այսօր արդեն ամաչում ենք, նվաստացած ենք, այսպես չի լինում»։
Հարցին՝ եթե չկա իշխանություն, ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող է և պետք է անի ժողովուրդը, քանի որ երկիրը մեծ վտանգի մեջ է, Սերոբ Գասպարյանը պատասխանեց, որ ժողովուրդն ինչ պետք է աներ՝ չի արել, 7 ամիս շարունակ ոչինչ չի արել։
«Ժողովուրդը կախարդված է, ժողովուրդն անհավատության է մատնված, որևէ մեկին չի հավատում, որովհետև բոլորը խաբում են, ստում են։ Դե, իշխանությունը կա, բայց միայն աշխատավարձ ու փող ստանալու համար է։ Ես մեղադրում եմ բոլոր իշխանություններին, 1994 թվականից սկսած մինչև այսօր ունեցել ենք իշխանություն, բայց չենք ունեցել։ Այսօր հայ ազգը կոտրված է, չի հավատում իր ուժերին, չի կարողանում հասկանալ՝ ինչ անի։ Երբ մենք ասում ենք՝ մեզ առաջնորդ է պետք, մարդիկ մտածում են, տանջվում, սկսում են երկրի վրա իրենց համար Աստվածներ փնտրել, քանի կար՝ Լևոնն էր Աստված, հետո՝ Ռոբերտը, Սերժն էր, հետո՝ Նիկոլը։ Ժողովուրդը հներին ատում էր, հիմա հետ է դառնում նորից աստվածացնելու, այսպիսի բան չի լինում»,- հավելեց Սերոբ Գասպարյանը։
Ինչո՞ւ հայ զինվորը չի կրակել, ինչո՞ւ չի պաշտպանվել՝ հարցի վերաբերյալ Սերոբ Գասպարյանը պատասխանեց. «Այս հարցին կարող եմ պատասխանել, բայց նպատակահարմար չեմ գտնում»։
Հիշեցնենք, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածից թշնամին գերեվարել է 6 հայ պայմանագրային զինծառայողների։