Եմենի ԱԳ նախարարը հերքել է երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների առկայությունը
Եմենի արտաքին գործերի նախարար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հերքել է միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարության հետ երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների, մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի բազայի ստեղծման վերաբերյալ որեւիցե համաձայնագրի առկայության մասին տեղեկատվությունը։
«Այդպիսի համաձայնագրերը պետք է հավանության արժանանան Եմենի խորհրդարանի կողմից: Մենք կողմնակից ենք մի գլխավոր սկզբունքի. Եմենի ամբողջ հողը, ջուրը եւ երկինքը նրա հիմնական արժեքներն են, ոչ մի երկիր չի կարող հրաժարվել դրանցից, ուստի չկա որեւէ մեկի հետ որեւէ համաձայնագիր, որը ստորագրված լինի Եմենի տարածքում օտարերկրյա ռազմակայանի ստեղծման վերաբերյալ»,-ԱԳ նախարարը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ:
Ավելի վաղ AP գործակալությունը հաղորդել էր Եմենի Պերիմ կղզում (Մայյուն), որը գտնվում է Արաբական թերակղզին Աֆրիկայից բաժանող Բաբ Էլ Մանդեբի նեղուցում, ԱՄԷ-ի ռազմակայանի կառուցման մասին:
Հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա՝ AP-ն նշել է, որ ներկայում կղզում կառուցված է 1850 մետր երկարությամբ թռիչքա-վայրէջքային գոտի, ինչպես նաեւ կառուցվել է երեք հանգար:
Եմենի խորհրդարանականները երկրի կառավարությանը հարցում են ուղարկել, որը վերաբերում է Մայյուն կղզու օբյեկտին:
Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Էմիրության զինվորականները եւ նրանց նկատմամբ լոյալ տրամադրված զինյալները գրավել են Սոքոտրա կղզեխումբը: Եմենի ԱԳ նախարարը նաեւ հերքել է Սոքոտրա կղզեխմբում իսրայելական հետախուզական բազաների ներկայությունը: «Դա ճիշտ չէ: Սոքոտրայում ռազմակայաններ չկան:
Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Սոքոտրայի վրա իսրայելական ռազմակայաններ չկան, այնտեղ կան Եմենի բանակի սահմանափակ ուժեր, կան ուժեր, որոնք գտնվում են Հարավային Եմենի անցումային խորհրդի վերահսկողության ներքո»,-նշել է նա