Բաժիններ՝

Բեզոսը Amazon-ի ղեկավարի պաշտոնը կթողնի ընկերության ստեղծումից ուղիղ 27 տարի անց

Էնդի Ջեսին հուլիսի 5-ին Ջեֆ Բեզոսին կփոխարինի աշխարհում խոշորագույն ինտերնետ-ռիթեյլերի՝ Amazon.com Inc-ի, գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։ «Մենք ընտրել ենք այդ ամսաթիվը (հուլիսի 5), որովհետեւ այն հատկապես նշանակալից է ինձ համար»,-ասել է Բեզոսը: Նա բացատրել է, որ ուղիղ 27 տարի առաջ՝ 1994 թվականի հենց այդ օրը, գրանցվել է Amazon ընկերությունը:

Ղեկավարության փոխվելու մասին ընկերությունը հայտարարել էր դեռ փետրվարի սկզբին, բայց կոնկրետ ամսաթիվը չի նշվել: 53-ամյա Ջեսին այժմ Amazon Web Services (AWS) ամպային ծառայության ղեկավարն է: Նա ընկերությունում աշխատում է 1997 թվականից: Բեզոսը, որը 57 տարեկան է, կմնա ընկերության տնօրենների խորհրդի գործադիր նախագահ: Նա մտադիր է կենտրոնանալ Amazon-ի նոր արտադրանքների վրա եւ վաղ փուլում նախաձեռնությունները մշակելու վրա:

Նաեւ նա հույս ունի, որ ինքն ավելի շատ ժամանակ կունենա ուրիշ նախագծերի՝ Day 1 Fund բարեգործական հիմնադրամի, Bezos Earth Fund բնապահպանական հիմնադրամի, Blue Origin օդատիեզերական նախագծի եւ The Washington Post թերթի համար: Amazon-ի բաժնետոմսերի գնանշումները մայիսի 26-ին աճել են 0,2 տոկոսով: Ընկերության շուկայական արժեքը վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելացել է 36 տոկոսով եւ այժմ կազմում է 1,64 տրիլիոն դոլար, Standard & Poor՚s 500 ֆոնդային ինդեքսն այդ ժամանակաշրջանում ավելացել է ավելի 38 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս