«Պետք է հարցի լուծմամբ և երկրի կառավարմամբ զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ, այլ ոչ թե «քուչից» հավաքած ժեխը». Ադրբեջանի հարցերով փորձագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ հակառակորդի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին ինքնապաշտպանվում են գյուղի բնակիչները, իսկ եթե խոսքը վերաբերում է պետությանը, ապա ինքնապաշտպանության մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև պետությունն ունի բանակ, որը պիտի կատարի հստակ առաջադրանք։
«Զինվորը պետք է ունենա իր խնդիր կատարելու ամբողջ ծավալով գործիքակազմը, այսինքն՝ նա պետք է ունենա զենք, խրամատ և ամբողջ անհրաժեշտ պարագաները, որով կկատարի իր պարտքը, որի համար նա ծառայում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում հայ պայմանագրային զինծառայողների գերեվարման փաստին։
Ըստ Արմինե Ադիբեկյանի, ՀՀ սահմանը Ադրբեջանի հետ 3 անգամ երկարել է, և հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնք Հայաստանը ծախսեց պատերազմի ժամանակ՝ կրելով միայն կորուստներ Հայաստանի իշխանության ապիկարության և դավաճանության շնորհիվ՝ ի վիճակի չէ այդ ամբողջ երկայնքով սահմանը պաշտպանել, քանի որ չկան կահավորված դիրքեր։
«Հայաստանն ի վիճակի չէ պաշտպանելու ինքն իրեն, որովհետև ՀՀ իշխանությունները դավաճան ու տգետ են․ նրանք լուծում են մեկ խնդիր՝ տալ Ադրբեջանին ամեն ինչ, ինչն Ադրբեջանն ուզում է ստանալ, և նա ստանալու է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Փարձագետը դժվարացավ ասել՝ ներկայիս իշխանությունները դավաճա՞ն են, թե՞ այնքան ապիկար, որ չեն կարողանում տարրական խնդիրներ լուծել։
«Ես կարող եմ միայն արձանագրել փաստ, որ այն, ինչ տեղի է ունենում, ՀՀ գործող իշխանությունների «վզով» է, իրենց մեղավորությունն է, նրանց պատճառով է այս ամենը տեղի ունենում, հետևաբար՝ պետք է խստագույնս պատժվեն։ Հիմա արդեն անիմաստ է կրկնել, որ առաջին հերթին պետք է հարցի լուծմամբ և երկրի կառավարմամբ զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ, այլ ոչ թե «քուչից» հավաքած ժեխը, որովհետև այդ մարդիկ ո՛չ գիտեն, ո՛չ կարողանում են և ո՛չ էլ ուզում են ինչ-որ բան անել։ Իշխանության պետք է գան ուժեր, որոնք գիտեն ու հնարավորություններ ունեն գոնե այս ամենը կանգնեցնել, որովհետև հին սահմանագիծն անհնարին է վերադարձնել մոտակա մի քանի տարին»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։
Հիշեցնենք, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածից թշնամին առևանգել է 6 հայ պայմանագրային զինծառայողների։
Հիշեցնենք նաև՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։