Հնդկաստանում հինգ մարդ է զոհվել «Յաաս» ցիկլոնի պատճառով. Zee TV
Հնդկաստանում առնվազն հինգ մարդ է զոհվել «Յաաս» ցիկլոնի պատճառով, որը մոլեգնել է Օդիշա եւ Արեւմտյան Բենգալիա նահանգներում: Այդ մասին հաղորդել է Zee TV հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով, մի քանի մարդ զոհվել է ծառերի տապալվելու հետեւանքով, տարեց մի կին մահացել է նրա տան փլվելու պատճառով: Հեռուստաալիքը նշում է, որ դրանք վերջնական տվյալները չեն:
Փոթորկի ամենաուժեղ հարվածը բաժին է ընկել Օդիշա նահանգին, որտեղ չորսմետրանոց ալիքները եւ հորդառատ անձրեւները ջրածածկ են արել 128 գյուղ եւ ավերել բազմաթիվ ճանապարհներ, իսկ քամին, որը հասնում էր ժամում 140 կիլոմետրի, արմատախիլ է արել բազմաթիվ ծառեր:
Նահանգի գլխավոր նախարար Նավին Պանթնայիքը հայտարարել է, որ այդ գյուղերի բնակիչները կապահովվեն սնունդով ու ջրով եւ հանձնարարել է՝ որքան կարելի է արագորեն վերականգնել հիմնական ճանապարհները եւ տուժած շրջաններում վերականգնել էլեկտրամատակարարումը:
Հարեւան Արեւմտյան Բենգալիայի նահանգի գլխավոր նախարար Մամաթա Բաներջին հայտարարել է, որ ցիկլոնից տուժել է շուրջ 100 հազար մարդ, որոնց տները քանդվել են, իսկ դաշտերը՝ ջրածածկ եղել, ավելի քան 1,5 մլն մարդ տարհանվել է եւ տեղավորվել ապաստարաններում: «Գյուղատնտեսությանը զգալի վնաս է հասցրել աղի ջուրը:
Սահմանակից հատվածները, ինչպիսիք են ձկնորսությունը եւ այգեգործությունը, վնաս է հասցվել, մենք կկարողանանք ամբողջական իրադրությունը գնահատել 72 ժամվա ընթացքում»,-ասել Էէ նա մամուլի ասուլիսում: Ինչպես հաղորդում է Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը, «Յաաս» ցիկլոնը թուլացել է մինչեւ «խորը դեպրեսիա», որը կշարժվի դեպի Հնդկաստանի խորքը եւ կթուլանա առաջիկա 12 ժամում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: