
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Մալիի նախագահի և վարչապետի կալանավորումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) կոչ է արել անհապաղ ազատ արձակելու Մալիի նախագահ Բա Նդանոյին, երկրի վարչապետ Մոքթար Ուանին եւ անցումային շրջանի մյուս ղեկավարներին՝ վճռականորեն դատապարտելով նրանց կալանավորումը: Այդ մասին ասված է մայիսի 26-ին տարածված հայտարարության մեջ։
«Նրանք (ԱԽ-ի անդամները) կոչ են արել անվտանգ, անհապաղ եւ անվերապահ ազատ արձակելու բոլոր ձերբակալված պաշտոնատար անձանց եւ պաշտպանության եւ անվտանգության ուժերի տարրերին համառորեն կոչ են արել անհապաղ վերադառնալու իրենց զորանոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները նաեւ կոչ են արել Մալիում վերականգնելու անցումային շրջանը քաղաքացիական անձանց ղեկավարությամբ, ինչը պետք է հանգեցնի ընտրությունների անցկացման եւ սահմանադրական կարգի հաստատման 18-ամսյա ժամկետում՝ անցումային խարտիային համապատասխան:
Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով Մալիի փոխնախագահի խորհրդական Ասիմի Բաբա Սիսեին, հայտնել է, որ Մալիի նախագահը եւ վարչապետն ազատ կարձակվեն աստիճանաբար անցումային շրջանի մյուս ձերբակալված ղեկավարների հետ:
Մայիսի 26-ին, ինչպես տեղեկացրել է գործակալությունը, Սիսեն հայտարարել է Մալիի նախագահի եւ վարչապետի պաշտոնաթող լինելու մասին: Մայիսի 24-ի երեկոյան նրանք իրենց նստավայրերում ձերբակալվել էին զինվորականների խմբի կողմից եւ պահապակխմբի ուղեկցությամբ տարվել մայրաքաղաքի մերձակայքի բանակային Քաթի ռազմակայան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: