Ռուսաստանի ԱԻՆ-ը Գազայի հատվածից ավելի քան 60 ռուսաստանցի է տարհանել ՌԴ

Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը Կահիրեի միջազգային օդանավակայանից վերցրել է այն ռուսաստանցիներին, որոնք ցանկացել են հեռանալ Գազայի հատվածից: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսում ՌԴ-ի դեսպանությունը:

«Հեռանալու ցանկություն հայտնած ՌԴ-ի քաղաքացիներին Գազայի հատվածից տարհանելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությանը համապատասխան, մայիսի 26-ին Պաղեստինի եւ Եգիպտոսի սահմանով դուրս է բերվել մեր հայրենակիցների մի մեծ խումբ (64 մարդ): Դրա անհրաժեշտությունն առաջացել է Իսրայելի հետ ռազմական առճակատման եւ նրա կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Facebook-ում: Տարհանվող ռուսաստանցիներին տեղափոխել են Կահիրեի միջազգային օդանավակայան, որտեղ նրանց տեղափոխելու համար ժամանել էր Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը: Լույս մայիսի 27-ի գիշերն այն թռել է Մոսկվա:

Լույս մայիսի 21-ի գիշերն ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Մինչ այդ 11 օր շարունակ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ էհասցրել Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան այնտեղից հրթիռների արձակման. Ընդամենն Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 4 հազար հրթիռ: Զոհվել է 250-ից ավելի մարդ, ներառյալ Իսրայելի 12 խաղաղ բնակիչներ:

Պաղեստինյան իշխանությունները հաղորդել են 243 պաղեստինցիների, ներառյալ 66 երեխայի, զոհվելու մասին, բայց չեն ճշտել, թե զոհվածների թվում զինված կազմավորումների քանի մարտիկ կա: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր հերթին հայտարարել է ավելի քան 200 զինյալների, այդ թվում 25 դաշտային հրամանատարների, ոչնչացնելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս