«10 կետով այն բանի մասին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը և ինչու է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին». Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10 կետով այն բանի մասին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը և ինչու է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին։
◾ Ադրբեջանը այսօր առավոտյան գերի է վերցրել հայ 6 զինվորի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Լուրը պաշտոնապես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի կողմից նոր գերիներ վերցնելը հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը հրաման է տվել մեր բանակին ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ (!!!) չկրակել Ադրբեջանի բանակի վրա։ Ոչ թե այն պատճառով, որ զենք չկա կամ զինվոր չկա, այլ որովհետև մեկ մարդ հրաման է տվել ՉԿՐԱԿԵԼ։
Այս պահի դրությամբ արդեն 15 օր է, ինչ Ադրբեջանը Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի մի քանի տեղերում խախտել է փաստացի սահմանը և գրավել է 11.000 հեկտար ՀՀ տարածք։ Ուշադրությո՛ւն դարձրեք. ոչ թե Արցախի Հանրապետության տարածքի մասին է խոսքը, այլ Հայաստանի Հանրապետության։
◾ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն չի պատրաստվում ռեալ գործով դիմագրավել մեր սահմանները խախտած թշնամուն, այլ ողջ ուժերը կենտրոնացրել է՝ ընտրություններում վերարտադրվելու համար։ Ավելորդ չէ նշել նաև, որ եթե նույնիսկ այդ իշխանությունը ցանկություն ունենար դիմադրել, անկարող էր լինելու դա անել, քանի որ այս կառավարությունում չկան համապատասխան որակ ու հմտություն ունեցող մարդիկ։
Ադրբեջանի գործողությունները ունեն պարզ բացատրություն. արդեն պարզ է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի դիմադրելու է Ադրբեջանի կողմից ոչ մի գործողության, հետևաբար՝ պետք է օգտվել ստեղծված իրավիճակից և նվաճել որքան հնարավոր է շատ հայկական հող։ Այդ դեպքում Հայաստանը շատ ավելի հեշտությամբ կտա նոր տարածքներ առանց պատերազմի, այն է՝ նոր կապիտուլյացիոն փաստաթղթով։
◾ Ադրբեջանը սեփական 30-ամյա փորձից լավ գիտի, որ միջազգային ոչ մի դատապարտող կոչ ու փաստաթուղթ, ՄԱԿ բանաձև կամ նույնիսկ խիստ զգուշացում իրականում չեն կարող խանգարել իրականացվող ռազմական գործողությանը, եթե այդ թղթի/կոչի/բանաձևի հետևում չկա կանգնած իրական ուժ։ Հետևաբար՝ իրենք շարունակելու են ՀՀ տարածքի նվաճումը։
Սխալ է այն կարծիքը, որ Ադրբեջանը հետ կքաշվի ՀՀ տարածքից, եթե Հայաստանը կատարի Ադրբեջան-Թուրքիա երկյակի պահանջները։ Ադրբեջանը հետ կքաշվի միայն այն պարագայում, եթե Հայաստանը դիմադրի ՈՒԺՈՎ։
◾ Հայաստանի թուրքամետ իշխանությունները ճիշտ են ասում, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն է, սակայն նրանք մինչև վերջ չեն պատմում ձեզ իրականությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացրած խաղաղության բանաձևը մեկն է. այս տարածքում պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններ։ Ցանկացած այլ բան ինքնախաբեություն է կամ օկուպացիոն ռեժիմի մանիպուլյացիա։ Սա պնդում եմ որպես թուրքագետ, որ 15 տարի շարունակ զբաղվում է մեր հարևան երկու պետության հետազոտությամբ։
◾ Ադրբեջանը և Թուրքիան ինչպես միշտ քարոզում են, որ Հայաստանը և հայերը դիմադրելու կարողություն չունեն, որպեսզի մեզ բարոյազրկեն և թույլ չտան հայկական ռևանշ ու հեշտությամբ շարունակեն Հայաստանի նվաճումը։
Սա նոր բան չէ, սակայն աննախադեպն այն է, որ այս հարցում թուրք-ադրբեջանական տանդեմին օգնում է ՀՀ իշխանությունը, որն իր մեդիա-կայսրությամբ այս պահին ակտիվ քարոզում է ՀՀ մարզերում և սփյուռքում, որ մենք չենք կարող որևէ կերպ դիմադրել թշնամուն։
Իրականում, սակայն, դիմադրելու կարողություն ու կամք չունեն միայն կապիտուլյանտ Ն. Փաշինյանը և իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Պատկերացրե՛ք, թե ինչ կլիներ, եթե 1918 թ. մայիսին Արամ Մանուկյանը ոչ թե կռվելու հրաման տար, այլ ասեր՝ «համակերպվենք և դիմենք Անտանտ դաշինքին, գուցե կփրկվենք»։ Այդ դեպքում Հայաստան պետությունը չէր էլ ստեղծվի, իսկ մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։
Այս պահին ավելի քան պարզ իրողություն կա։ Կամ մենք վերջապես ազգովի հեռացնում ենք կապիտուլյանտին և շանս ու ժամանակ տալիս մեր պետությանը վերականգնվելու ու մեզ պաշտպանելու համար, կամ մեզանից յուրաքանչյուրին մեր պետության տարածքում այսօր կարող են թուրքերը գերեվարել և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունն ուղղակի հերթական դատապարտող կոչը կանի, կշարունակի ֆեյսբուքում դրոշ պաշտել ու «Շուշի ազատագրել»։
◾ Ստիպված եմ արձանագրել, որ այսօր առավոտյան գերի ընկած մեր տղերքը նաև ձե՛ր մեղքով են, եթե դուք մինչև հիմա սատարում եք կապիտուլյանտ իշխանությանը կամ էլ անտարբերությամբ սպասում եք ձեր երազած «փրկչին»։ Այս պահին չկա քաղաքական նախասիրության հարց, կա դավաճաններին հեռացնելու հարց։
Տարածե՛ք, որ մեր հայրենակիցներն իմանան ճշմարտությունը։
պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան
Հ.Գ. Նկարում Վերին Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին է, որը կապիտուլյանտը որպես «ադրբեջանական հող» կնվիրի թուրքերին, եթե վերընտրվի ու ստորագրի կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը։
#հակաՀայաստան #Սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2»