«Գեղարքունիքում այս դեպքերի հետ կապված ավելի լարված է. եթե թշնամուն հետ չշպրտեցինք, մշտապես այս վտանգներն ունենալու ենք». Գեղամասարի համայնքապետ
Այսօր առավոտյան հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածից թշնամին գերեվարել է 6 հայ զինծառայողների, իսկ դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն՝ նրանց թիվը հասնում է 9-ի։
168.am-ի հետ զրույցում Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ գերեվարված պայմանագրային զինծառայողները Հայաստանի տարբեր վայրերից են, այդ թվում՝ Վարդենիսից։
«Այս պահին լարված վիճակ է, աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանան հետ բերել այդ տղաներին, չգիտեմ՝ որքանով կհաջողվի։ Մեծ մասշտաբի բանակցություններ ու գործողություններ է ձեռնարկվում»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Ըստ նրա, այս պահին բոլորն էլ սպասում են՝ հասկանալու համար, թե այդ ամենի արդյունքում ինչ կլինի։
«Գեղարքունիքում այս դեպքերի հետ կապված ավելի լարված է։ Ես հիմա չեմ ուզում Կառավարության կամ Պաշտպանության նախարարության փոխարեն որևէ բան ասել, բայց միանշանակ մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, որպեսզի թշնամուն հետ շպրտենք։ Եթե թշնամուն հետ չշպրտեցինք, մենք մշտապես այս վտանգներն ունենալու ենք, և վտանգը գնալով ավելի կմեծանա»,- շեշտեց նա։
Գեղամասարի համայնքապետը նաև տեղեկացրեց, որ այս պահին բնակավայրերի ուղղությամբ թշնամին դեռևս սադրանքի չի դիմել։
«Լարվածությունն ուղղակի սահմանի վրա է»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։