«Քանի սրանք իշխանության են, Հայաստանը շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սահմանային վերջին միջադեպերը, մեր զինծառայողների գերեվարումն առաջին հերթին ցույց են տալիս ինչպես սահմանային հատվածում, այնպես էլ՝ վերջին ճգնաժամում Հայաստանի իշխանությունների տապալումները, ինչը մեզ թե ռազմական, և թե դիվանագիտական առումով խորը փակուղի է մղել:
Գերեվարման միջադեպի հետ կապված նշեմ, որ ինժեներական-սակրավորական աշխատանքների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ անվտանգության միջոցառումների իրականացումը:
Կախված այն հանգամանքից, թե այդ աշխատանքները ինչ բնույթ են կրում, ինչ պայմաններում են իրականացվում, թշնամուց որքան հեռավորության վրա, դրանց համապատասխան ապահովում է իրականացվում:
Սակայն գործող իշխանությունների՝ զինված ուժերին իջեցվող հրամանները, որոշումները, որդեգրած մոտեցումները քայքայում են նախկինում գործած և նման իրավիճակներում տրամաբանորեն գործող համակարգերը, ինչի արդյունքում Հայաստանը շարունակում է գահավիժել:
Մեկ բան պետք է հստակ արձանագրենք. քանի սրանք իշխանության են Հայաստանը շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել»: