«Այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագան». Նաիրա Զոհրաբյան

Այսօր ԱԺ հերթական նիստի ընթացքում անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն աղետ որակեց այն փաստը, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀՀ տարածքից զինվոր են գերեվարում: Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ «Գեղարքունիքի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող»։ Լուրն ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մի տարբերությամբ, որ նրանց պնդմամբ՝ հայ զինվորները եղել են ադրբեջանական տարածքում:

«Հարգելի հայրենակիցներ, ուշադրություն դարձրեք՝ «պահպանության տարածքում»,  ադբեջանցիները կարող են մտնել ՀՀ ԶՈւ պահպանության տարածք և առևանգել, նկարները տեսել եք, գետնին պառկեցնել 6 զինվորի և գերեվարել, ՊՆ-ն դա հաստատել է, այլապես մենք որևէ հիմք չէինք ունենա հավատալու: Սա այլևս աղետ է, անթույլատրելի է, ադրբեջանցիները մայիսի 12-ից հատել են Հայաստանի պետական  սահմանը, սպանում են զինվոր, ամեն օր սահմանային տուրուդմփոցներ, հիմա էլ մտել են պահպանության տարածք և գերեվարել են: Այս աղետը կագնեցնել է պետք: ՊՆ ամենօրյա ռեժիմով հայտարարությունները, որ «կոչ ենք անում ադրբեջանական զինուժին գնալ, այլապես…», և «այլապես»-ը մենք չենք տեսնում, մեկ բանի վկայությունն է՝ այս իշխանությունը եկավ դագաղներով, այս իշխանությունը հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է, և հետո ասում եք՝ «կա ապագա», ես սարսափում եմ մտածել՝ ձեզ հետ ապագան…..»,-ասաց Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս