«Հանրապետություն» կուսակցությունը չի բացառում իշխող «Իմ քայլի» հետ կոալիցիա կազմելու հավանականությունը
Մայիսի 26-ին, օրվա երկրորդ կեսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնեցին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: Կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատյանը նշեց, որ ցուցակում այս պահի դրությամբ 103 թեկնածու է ներառված, այն գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ցուցակում երկրորդ համարը Արտակ Զեյնալյանն է, 3-րդը՝ Անի Խաչատրյանը:
Հարցին՝ գործարարներ կա՞ն ցուցակում, Խաչատրյանն պատասխանեց.
«Նայած՝ ինչ կերպ եք հասկանում գործարարներ: Չէ, կարծում եմ՝ չունենք, խոշոր գործարարներ չունենք»:
Անի Խաչատրյանը չբացառեց արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ համագործակցությունը՝ նշելով նաև, որ կան այլ ուժեր, որոնց հետ կոալիցիա հաստատ չեն կազմի:
«Գիտեք, ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից, ամեն ինչ կախված է հետագա ընթացքներից: Առհասարակ խորհրդարանական մոդելը ինքը իր մեջ կոալիցիաներ է պարունակում՝ թե՛ «Իմ քայլի» հետ, թե՛ ինչ-որ ուրիշ ուժի հետ: Ոչինչ չեմ բացառում: Չէ, բացառում եմ, իհարկե, բացառում եմ: Երևի «Հանրապետություն» կուսակցության ամբողջ գործունեությունը ցույց է տվել, որ կա մասնակից ուժ կամ ուժեր, որոնց հետ կոալիցիաները միանշանակ բացառվում են… Գիտեք, այն մարդիկ, որոնք հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած ոճրագործություն կամ 5 ռոմանտիկների արած սպանություն, այդ մարդկանց հետ միանշանակ «Հանրապետություն» կուսակցությունը չի կարող ունենալ կոալիցիա»,- ասաց Անի Խաչատրյանը՝ նշելով, թե գնում են հաղթանակի, բայց թե ինչ քվե կտա հասարակությունը, դա պարզ կլինի քվեարկությունից հետո, երբ ամփոփվեն ընտրությունների արդյունքները: