«Ադրբեջանն ու Թուրքիան գնում են դեպի լարվածության գեներացման, որը ձեռնտու չէ ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝  թուրք խուժանի Հայաստան ներխուժելու վերաբերյալ նախապես ասել էին, որ թշնամին ներխուժելու է, քանի որ իրագործում է  որոշակի ծրագիր, որի հիմնական նպատակը ՀՀ մասնատումն է։

«Եկեք ծուռ նստեք, դուզը խոսենք, շանտաժիստը եկել է, երկրի սահմաններից ներս է մտել ու նախապայմաններ է  առաջ քաշում։ Հիմա հարց եմ տալիս, եթե որևէ քաղաքական թիմ ենթարկվում է  շանտաժիստի բոլոր պահանջներին, դադարելո՞ւ է շանտաժիստը, ոչ, չի դադարելու շատ պարզ պատճառով։ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ չունեն բարելավել Հայաստանի ու Արցախի հետ իրենց հարաբերությունները, նրանք նպատակ ունեն վերամիավորվելու, դա միայն կույրը կարող է չտեսնել։ Բացեք քարտեզներն ու նայեք, թե այսօր որ գյուղերի ու տարածքների մասին է  խոսք գնում։ Այս պարագայում ակնհայտ է և պարզ, որ գործողությունների համակարգը չաշխատեց, որովհետև մենք տեսնում ենք, որ գնում է դեպի լարվածություն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։

Ըստ նրա, այս համատեքստում որքան ՀՀ իշխանությունները խոսում են դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցն առաջ բերելու մասին, պատճառաբանելով՝ եթե դա չլինի, թշնամին զորքը հետ չի քաշի, այդքան ՀՀ վիճակը  ծանրանում է։

Ինչ վերաբերում է այս հարցում ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի դերակատարմանը, Արման Աբովյանը շեշտեց, որ երկուսն էլ շարժվում են այն ուղենիշով, որը որոշել է ՀՀ կառավարությունը։

«Որևէ մեկը պատերազմ չի ուզում, խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, բայց դրա հետ մեկտեղ՝  ոչ մեկը նաև չի ուզում, որ գան մեզ մեր տներում կոտորեն։ Այստեղ պետք է շատ հստակ տարանջատել, թե ի՞նչ է նշանակում՝ դիվանագիտական ճանապարհ, սա նշանակում է հետևյալը, որ Հայաստանն ընտրում է որոշակի ուղիներ և այդ ուղիների ներքո աշխատում են և՛ ՀԱՊԿ-ը, և՛ մեր դաշնակիցները։ Հավատացնում եմ, չկա այդպիսի բան, որ գան մեզ ասեն, չէ՝ դուք այս ուղով պետք է շարժվեք, ի վերջո, վերջնական որոշումը կայացվել է իշխանությունների կողմից։ Ադրբեջանն ու Թուրքիան գնում են դեպի լարվածության գեներացման, որը միանշանակ ձեռնտու չէ ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ Ռուսաստանին»,- հավելեց պատգամավորը։

Նա նաև ընդգծեց, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, ինչը ՌԴ-ն շատ լավ է հասկանում։

Տեսանյութեր

Լրահոս