Մխիթարյանն առատաձեռն առաջարկ ունի Ռուսաստանից․ հետաքրքրվում է նաև «Մոնակոն»
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գործող պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով կարող է հեռանալ «Ռոմայից»՝ որպես ազատ գործակալ։
Ըստ La Gazzetta dello Sport-ի, մի կողմից՝ ֆուտբոլիստը կցանկանար մնալ Հռոմում ընտանեկան պատճառներով, մյուս կողմից՝ նա հավակնություններ ունի՝ ինչպես սպորտային, այնպես էլ՝ ֆինանսական առումով: Մասնավորապես, նա դեմ չէր լինի խաղալ Չեմպիոնների լիգայում խաղացող ակումբում և կնքել 2+1 պայմանագիր՝ երեք միլիոն եվրո աշխատավարձով:
Նշվում է, որ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական ակումբներն ու «Մոնակոն»: Նաև հայ ֆուտբոլիստն առատաձեռն առաջարկ ունի Ռուսաստանից: Ֆուտբոլիստը որոշում կկայացնի առաջիկա օրերին:
Իտալական աղբյուրները նշում են նաև, որ Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգմանը:
SportItalia-ի լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքով՝ կողմերը հաջողությամբ բանակցել են ապագայի շուրջ: Ակնկալվում է, որ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով: Դրանցից մեկը գործող պայմանագրով մեկ տարվա տարբերակ է, իսկ երկրորդ տարին համաձայնեցվել է բանակցությունների ընթացքում:
Պայմանագրի երկարաձգմանը դեմ չէ նաև նորանշանակ մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ում հետ Մխիթարյանը տարիներ առաջ կոնֆլիկտ է ունեցել։
Ա Սերիայի անցած մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նա այս տարի «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր։
Սիրարփի Աղաբաբյան