
«Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ». Լիլիթ Մակունցը՝ ՔՊ ցուցակում գործարարներին ներառելու մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում գործարարների ներառելու հարցին, ինչին ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը միշտ դեմ է եղել և քննադատել է։
«Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ։ Այն բոլոր դեպքերում, երբ այդ անձինք, անկախ ընկերության և բիզնես գործունեության չափից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվել, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ։ Օրենսդրությունն այդ մարդկանց ոչ թե արգելում է զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը։ Եթե կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողով գոյություն ունի, այլև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և նման դեպքերում նրանք կզբաղվեն, ընդհուպ՝ մինչև մանդատից զրկում»,- նշեց Լիլիթ Մակունցը։
Դիտարկմանը, թե՝ նախկինում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատության էր արժանացնում խորհրդարանում գործարարների հայտնվելու հանգամանքը, Լիլիթ Մակունցը հակադարձեց՝ ՀՀ-ում տարբեր արատավոր երևույթներ եղել են, պայմանավորված շատ տարբեր հանգամանքներով, որոնց մասին բոլորը գիտեն։
«Եղել են տարբեր իրավիճակներ, այդ թվում՝ քաղաքական կամքի բացակայության պատճառով կամ ինչ-ինչ կոռուպցիոն նպատակներով, գուցե։ Եթե որևէ բան արգելված չէ, և օրենքով նախատեսում են կարգավորումները, ապա այստեղ որևէ կերպ օրենքից դուրս խոսել չեմ կարող։ Ես համոզված եմ, որ տարբեր ցուցակներում տարբեր ծավալի գործունեություն ծավալող գործարարներ կլինեն, որոնց նույնպես սա վերաբերում է»,- հավելեց Լ. Մակունցը։
Հաջորդ դիտարկմանը, որ տարբեր քաղաքական ուժեր հեղափոխություն չեն արել և խոստում չեն տվել, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, դրա մասին խոստում էր տվել նաև Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը շեշտեց, որ այն, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից տարանջատվի, ոչ միայն քաղաքական խոսք է, այլև ՀՀ օրենքով սահմանված սկզբունք, և այստեղ որևէ հակասություն չկա։
Նշենք, որ ՔՊ ընտրական ցուցակի առայժմ հրապարակված 15 հոգանոց ցանկում ներառված են գործարարներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը։