«Ես չեմ բացառում՝ նաև հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին». Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
«Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, այս գործընթացում մեզ կաջակցեն։ Առաջին հերթին մենք փորձում ենք հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն սա չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն լինելու այլ լուծումներ, նաև ռազմական»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտից հնչում են մտքեր, թե ինչու պետք է ՀՀ դաշնակիցները սահմանային հարցերում օգնեն, եթե, օրինակ, հայկական կողմը չի կրակում։ Այս համատեքստում, Ռուբինյանի փոխանցմամբ՝ հենց Հայաստանի դաշնակիցներն են կոչ արել չսրել իրավիճակը, փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհներով։
«Մեր այն դաշնակցային ֆորմատները, որոնցում ներգրավված ենք, ունեն հստակ հոդվածներ հստակ դեպքերի վերաբերյալ, մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով, ընդ որում, ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով ու հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա, ակնկալում ենք, որ դաշնակիցները մեզ կօգնեն։ Ես չեմ բացառում՝ նաև հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին»,- հավելեց Ռ. Ռուբինյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե ադրբեջանցիները սահմանում ինչ ուզում՝ անում են, սակայն պարտված իշխանությանը ոչինչ անել չի հաջողվում, իմքայլական պատգամավորը հակադարձեց՝ ընդգծելով, թե այնպես չէ, որ թշնամին ինչ ուզում՝ անում է։
«Բնականաբար, այն, ինչ տեղի է ունեցել թշնամու կողմից, անթույլատրելի է, քանի որ նրանք ներխուժել են միջազգայնորեն ճանաչված տարածք։ Խնդիր կա, ներկայիս ստատուս-քվոն մեզ համար անընդունելի է, բայց օպերատիվ իրավիճակն այդ հատվածներում գտնվում է մեր զինվորների հսկողության տակ, պետք է ձևակերպումներով զգույշ լինեք»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։