Հիստերիա և ավերմունք․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «2018-ին մենք վառ հույսեր ունեինք, որ երիտասարդ քաղաքական թիմն իր հետ նոր՝ դրական փոփոխություններ է բերելու մեր կյանք, մեծ եռանդով լծվելու է աշխատանքի եւ երիտասարդական էնտուզիազմով լուծելու է շատ ու շատ խնդիրներ, որոնք չեն կարողացել լուծել ավագները։
Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ 3 տարվա ընթացքում մենք կկորցնենք երկրում գործող գրեթե բոլոր պետական ինստիտուտները, կավերենք շատ ոլորտներ, ոչինչ չենք կառուցի, լարված ու անհանդուրժողական մթնոլորտ կձեւավորենք եւ ապակառուցողական ու փնթի մի երկրի կվերածվենք։ Իսկ դա, ինչպես բոլոր ընտանիքներում, գալիս է տան ավագից՝ պետության առաջին դեմքից, ով, պարզվեց՝ մեծ ու փոքր, սահմաններ ու կարմիր գծեր չի ճանաչում։ Անհավասարակշիռ է, բռնկուն, անտակտ, սադրող։
Թվում էր՝ ի՞նչ է պատահել որ՝ հաբրգած հանրապետականներին մի երկու թունդ խոսք է ասել, մի քանիսին պատերին է ծեփել, մի երկուսին վնգստացող է անվանել, մի քիչ ջղաձիգ ելույթ է ունեցել, մի քանի անթույլատրելի ստատուս է գրել։ Բայց այդ քայլերից յուրաքանչյուրի հետեւանքները մենք քաղել ենք լիուլի․ հայհոյանքն ու ցենզուրայից դուրս խոսքը դարձել են առօրյա շփման ձեւ, հաշվեհարդարներն ու հրազենային կրակոցները լիարժեք մուտք են գործել մեր կյանք, ընդդիմախոսներին անպատվելը, հակառակորդների անձնական կյանք ներխուժելը, չապացուցված մեղադրանքներ շաղ տալը, թշնամանքն ու անհանդուրժողականությունը այլախոհների նկատմամբ հիմնավորապես հաստատվել են մեր երկրում, եւ դրանցից ձերբազատվելու համար շատ մեծ ջանքեր են հարկավոր։
Ձեզ թվում է՝ ինքնասպանությունների եւ սպանությունների նման աճը, կրթական մակարդակի նվազումը, անգրագիտության ավելացումը, գողականների ու նախկին տասովշչիկների նորից ասպարեզ գալը պատահակա՞ն է։ Իհարկե՝ ոչ»։