Կառավարական տուն 1-ում անհետաձգելի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացնում
Վարչապետի աշխատակազմը մայիսի 18-ին մեկ անձից հերթական գնումն է կատարել, այս անգամ՝ 9 միլիոն 700.000 դրամի։
Գնումն իրականացվել է շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարող «ԱԿՎԱՀՈՄ» ՍՊԸ-ից։
Վարչապետի աշխատակազմը գնումն իրականացրել է Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, որը նախատեսում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։
Այստեղից պարզ է դառնում, որ շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքը վարչապետի աշխատակազմի համար եղել է անհետաձգելի պահանջ։
«ԱԿՎԱՀՈՄ» ՍՊԸ-ն պարտավորվել է Կառավարական տուն 1 հասցեում իրականացնել ապամոնտաժման տարբեր աշխատանքներ՝ մասնավորապես դռներ, պահարաններ, կավրոլինե հատակ, էլեկտրականության սնուցման լարեր և այլն։
Թե Կառավարական տուն-1 հասցեի ապամոնտաժման աշխատանքները ինչո՞վ էին անհետաձգելի, և ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու այդ ծավալի մեկ անձից գնում իրականացրել՝ հայտնի չէ։
Նշենք, որ 9 միլիոն 700 հազար դրամի գնում կատարվել է մի ընկերությունից, որը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 2020 թվականին կատարել է 3000 հազար դրամ պարտադիր վճար, 2019-ին կատարված պարտադիր վճարների չափը 1000 դրամ է։
Հիշեցնենք, որ գործատուն այս հիմնադրամին 1000 դրամ վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար։