«Մահաբերն իրեն շրջապատելու է թզուկներով, որպեսզի նրանց շրջապատում միայն ինքը երևա՝ միայնակ ու կատարյալ»․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուրեմն, Չինաստանի հարևանությամբ կա մի թզուկ երկիր, որտեղ ապրում են շատ անսկզբունքային ու ինքնագոհ մարդիկ: Երկիրը հարյուրամյակներ ապրում է անարդարությունների մեջ ու այդ երկրի ողջ քաղաքական կյանքը կառուցված է լինում մի քաղաքական կառուսելի վրա: Երբ որևէ կուսակցություն (իսկ մինչ այդ իշխաններ ու նախարարներ) գրավում է գահը, օգտագործելով այդ երկրի քաղաքացիների անսկզբունքայնությունն ու շահամոլությունն, ապա մյուս կուսակցությունները սկսում են խոսել անարդարությունների մասին ու հաջորդ փուլում գալով իշխանության, անում են նույնը (որովհետև այլ բան նրանցդ ոչ ոք չի սովորացրել):
Մնացածներն, այդ թվում նաև իշխանությունն կորցրած կուսակցությունները, շարունակում են գործել նույն եղանակով ու այդպես շարունակ, իսկ կյանքը գնում է իր հունով: Այդ երկրում փոփոխություններ չեն լինում ու արդյունքում բոլորը բոլորին մեղադրում են իրենց դժբախտությունների մեջ, որովհետև այդ երկրում հայելի չի լինում ու մարդիկ չեն կարողանում իրենց տեսնել դրա մեջ:
Երբ բնակիչները շատ են հոգնում այդ կառուսելից, որոշում են ընտրել մեկին, ով երբեք դրան չի մասնակցել, միայն բողոքել է, հույս ունենալով, որ միայն դա բավական է արդարության հասնելու համար, առանց հասկանալու իրենց իսկ մեղքերը:
Սակայն, պարզվում է, որ այդ թզուկ երկիրը 1200 տարի առաջ մի պառավի կողմից կախարդված է եղել, ով ասել է, եթե այդ երկրի բնակիչները շարունակեն լինել անսկզբունքային՝ շահամոլ ու սուտասան, ինքնագոհ ու անպատկառ, ապա պարբերաբար դժբախտություններ են լինելու, մինչև որ իրենք չփոխվեն: Այդ պառավի անունը մատենագրները չեն նշել, սակայն նրա մասին կա հիշատակում այդ երկրի էպոսում: Էպոսում նաև ասվել է, ինչը մատենագիրները մոռացել են հիշատակել (կամ գուցա դա հատուկ են արել), որ վերջում իշխանության է գալու մի նոր տիրակալ՝ Մահաբերը, ով լինելու է այդ երկրի բոլոր աղտերի լիակատար մարմնացումը, ինքն իրենքվ ցուցադրելու է այդ ժողովրդի բոլոր բացասական հատկություններ ու դրա համար լինելու է հասկանալի ու սիրելի այդ ժողովրդի կողմից, որովհետև ինքն իրականում լինելու է ժողովրդի հայելին ու արտապատկերելու է այդ ժողովրդի բոլոր վատ հատկությունները:
Ժողովուրդը տեսնելով իր արտապատկերում, հիանում է նրանով, որովհետև ի տարբերություն նախորդների, նա ամենից հասկանալին է իր համար:
Մահաբերն, ըստ պառավի, այդ ժողովրդի ուղղվելու վերջին շանսն է լինելու, որովհետև նա հատուկ առաքելությամբ է ուղղարկվել, որպեսզի ցուցադրի այդ ժողովրդի բոլոր աղտերն ու փրկվելու հնարավորություն ստեղծի:
Մահաբերն իրեն շրջապատելու է թզուկներով, որպեսզի նրանց շրջապատում միայն ինքը երևա՝ միայնակ ու կատարյալ:
Մահաբերն, իրականում, փրկիչ է ու մահերի ու դժբախտությունների միջոցով փորձում է փրկել այդ բազմաչարչար ժողովրդին, նա այդ վատ դերն իր վրա վերցնելով՝ սփռելով մահեր ու դժբախտություններ (իր հոգին ինքնակամ դատապարտելով հավերժական տանջանքների ու կտտանքների), փորձում է ցուցանել իրականությունն ու բացատրել, որ նման վատ հատկություններով ժողովուրդները չեն կարող հասնել հանգստության ու խաղաղության, վասնզի փրկությունը ոչ դրսից է, ոչ էլ՝ իշխանությունից, այլ յուրաքանչյուրի ներսից (ըստ այդ ժողովրդի անհատների տեսակարար կշռի միջին թվաբանականի լավ, կամ վատ հատկությունների չափի): Ինչ սկզբունքներ ցանես, նա էլ կհնձես»: