ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների շարքերում կանայք են ավելացել, չկա մատակարարման խնդիր
Մի քանի օր առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա»-ն չի համապատասխանում իրականությանը:
Ավելին, ՊՆ-ից վստահեցրել էին, որ ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր, և, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին:
Այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրած ասուլիսին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը պնդել է իր ավելի վաղ հայտնած տեղեկությունը՝ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանական զինուժ կա, և, որ պատրաստ է փաստարկներ ներկայացնել:
Հակոբյանը նաև նշել է, որ ադրբեջանցիները երկու օր առաջ դարձյալ ընդլայնվել են և՛ երկայնքով, և՛ մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել:
168.am-ը փորձեց Պաշտպանության նախարարությունից ճշտել՝ ներկա դրությամբ ՀՀ տարածքում ադրբեջանական քանի՞ զինծառայող կա: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ հստակ թվի չեն տիրապետում, միայն գիտեն՝ 1000-ից ավելի չի:
Նշենք, որ 5 օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների թիվը 500-600 է: Դրանից մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 13-ին, Փաշինյանը հայտարարել էր 250 ադրբեջանցի զինվորականների Հայաստանի սահմաններից ներս գտնվելու մասին:
Ըստ այդմ՝ Սյունիքի մարզպետի տեղեկությունը՝ 1000-ից ավելի ադրբեջանական զինուժի մասին, միանգամայն տրամաբանական է: Իսկ թե «արգելափակված» ադրբեջանական զինուժն ինչպե՞ս է ավելանում օրերի ընթացքում, ԳՇ-ից և ՊՆ-ից չեն ասում:
Մի բան հստակ է՝ ՀՀ տարածքում, մեր քթի տակ ադրբեջանական զինծառայողներն իրենց վատ չեն զգում, չունեն մատակարարման խնդիր, ինչը երևում է նաև այսօր տարածված տեսանյութերից:
Ավելին, ՀՀ տարածքում 13 օր գտնվող ադրբեջանցի զինվորների շարքերում կանայք են ավելացել:
Գուցե Աննա Հակոբյանի օրինակով՝ բարոյական աջակցության նպատակո՞վ են ուղարկվել:
Իսկ տեսանյութերից երևում է, որ նկարահանումները Սյունիքի մարզի հատվածում են: