«Արդեն խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է լինելու տարբեր կողմերից՝ փող կարողանում են բաժանել այն ուժերը, որոնք ունեն անսահմանափակ ռեսուրսներ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքանի խոսքով՝ ԼՀԿ-ի նախընտրական ցուցակն այս պահին սևագիր վիճակում է, որը կառավարման խորհրդի կողմից չի հաստատվել, հետևաբար՝ անուններ հրապարակել չի կարող, հանրության համար հատուկ անակնկալներ չեն լինելու։
«Մարդիկ, որոնք կուսակցական չեն, սակայն որևէ ոլորտում ունեն լավ գիտելիքներ, փորձ, որը կարող են ներդնել պետակաշինության գործում՝ կլինեն ցուցակում, բայց նրանք կարող են հայտնի դեմքեր չլինել։ Այս պահին կարող եմ ասել, որ գործարարներ չկան, որևէ բանակցություն չենք էլ ունեցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում գործարարների ընդգրկվելուն, Էդմոն Մարուքյանն ասաց, որ հեղափոխության խոստումներից մեկն էլ այն է եղել, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվի։ Հետևաբար, եթե կրկին գործարարներ բերվեն խորհրդարան, դա կլինի հեղափոխության ևս մեկ խոստման դրժում։
«Արդեն խոսակցություններ կան, որ ընտրակաշառք է լինելու տարբեր կողմերից, որ մարդկանց ձայնի համար փող են տալու։ Դեռևս անուններ չեմ կարող հրապարակել, բայց հաստատ չեն ասի, չէ՞, այն ուժերի անունից, որոնց ի սկզբանե չեն կարողանալու փող բաժանել։ Փող կարողանում են բաժանել այն ուժերը, որոնք ունեն անսահմանափակ ռեսուրսներ»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
Նրա բնորոշմամբ՝ այն, ինչ քննադատվել ու մերժվել է նախկինում, այդ համակարգն այժմ վերածնվում է այլ «էռոզիաների արդյունքում»։
Էդմոն Մարուքյանը նաև անդրադարձավ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու մասին հարցին՝ նշելով, որ այնտեղից եկող արձագանքները չեն բավարարում, քանի որ ակնկալում են, որ ՀԱՊԿ-ն աներկբա հայտարարություններ ու գործողություններ անի, թուրք-ադրբեջանական զորքը դուրս շպրտվի հայ-ադրբեջանական սահմանից՝ առանց նոր էսկալացիաների։
«ՀԱՊԿ-ի հետ կապված տեղեկատվությանը մենք չենք տիրապետում, չգիտեք, թե ինչ են խոսում, լավ կլինի Անդրանիկ Քոչարյանից կամ Պաշտպանության նախարարից հարցնեք։ ԼՀԿ-ի պահանջը հետևյալն է՝ առանց նոր պատերազմ հրահրելու, այդ զինուժը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից»,- շեշտեց Է. Մարուքյանը։