Արա Այվազյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարն ընդգծել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակն է եղել։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրել է տեղում վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահ դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ կարևորվել է նաև ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ընդգծվել է փոխադարձ հանձնառությունը՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր մակարդակներում շփումների միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս