Եթե դու ինքդ ոչինչ չես անում, ՀԱՊԿ-ին ի՞նչ հարցով ես դիմում. Պետությո՞ւն ենք, թե՞ ոչ. Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ են գտնվում  Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից ներս: Ու եթե սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սյունիքի և Գեղարքունիքի մարզի հատվածում Հայաստանի պետական սահմաններում գտնվող ադրբեջանցի զինվորականների թիվը 200-250 է, կառավարության վերջին նիստում՝ մայիսի 20-ին, Փաշինյանը նշեց, թե նրանց թիվը 500-600 է։ Այսօր էլ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը վստահեցրեց, թե նրանց թիվն անցել է 1000-ը:

Ու այս ընթացքում, ինչպես հայտնում են իշխանությունները, վերջիններս շարունակում են բանակցել, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները անցնել իրենց ելման կետեր: Սրան զուգահեռ, ինչպես մայիսի 13-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը ադրբեջանցիների՝ Հայաստանի պետական սահմանը հատելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի 2-րդ հոդվածով:

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու փաստին, ասաց, թե երբ դու քո հարցը չես լուծում, քո փոխարեն ոչ ոք այդ հարցը չի լուծելու:

«Եթե դուք ինքդ ոչինչ չես անում, դու ի՞նչ հարցով ես դիմում: Մի քիչ նման է նրան, երբ մի քիչ մեծոտ տղան փոքր երեխուն մի հատ ապտակում է, վազելով գնում է պապայի մոտ կամ գոռում է, ասում՝ «պապա, արի մի բան արա, էլի, նեղում են»:

Վերջը պետությո՞ւն ենք, թե՞ ոչ, արժանապատվություն, ինքնասիրություն մենք ունե՞նք, թե՞ ոչ: Եթե դու ինքդ ոչինչ չես ձեռնարկում, դու մտածում ես, որ քո փոխարեն գալու է մեկ ուրիշը, այս հարցը լուծի՞: Ուղղակի մենք աբսուրդի ժանրից ենք խոսում: Ես կարծում եմ, և ՀԱՊԿ-ի պատմության մեջ, վստահ եմ, նման դրսևորումներ ուղղակի չեն եղել: Եթե դու ոչինչ չես անում քո հարցերը լուծելու համար, քեզ ոչ մեկը չի օգնելու այդ հարցերի լուծման հարցում: Սա շատ ակնհայտ բանաձև է: Քո փոխարեն ոչ ոք չի լուծելու այս հարցը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս