«Դժվար է այս պահին ասել՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար». Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում գործարար Խաչատուր Սուքիասյանին և այլ գործարարների ներառելու մասին հարցին։

«Օրինակ, Խաչատուր Սուքիասյանը գործարա՞ր է, թե՞ քաղաքական գործիչ, որովհետև Սուքիասյանների ընտանիքում չորս եղբար են, նրանցից յուրաքանչյուրն ունի մի ոլորտի բիզնես։ Խաչատուր Սուքիասյանը գուցե ունի մի բիզնես, որը հանձնված է կառավարման, կամ ես մանրամասներին չեմ տիրապետում։

Ըստ իս, Խաչատուր Սուքիասյանը երկար տարիներ ավելի շատ զբաղվել է քաղաքականությամբ, նա անգամ հետապնդվել է իր քաղաքական հայացքների համար՝ 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական գործընթացների ժամանակ, նրա եղբայրներն էլ՝ որպես գործարարներ, հետապնդվում էին օրվա իշխանություների կողմից։ Այդ պատճառով էլ դժվար է այս պահին ասել՝ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար»,- նշեց Հրաչյա Հակոբյանը։

Հարցին՝ հիմա Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, թե Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ունի բիզնեսներ, որը հանձնել է կառավարման։

«Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործի՞չ է, թե՞ գործարար։ Եթե նայենք այն ժամանակվա խորհրդարանին, ապա մենք այսօր բոլորովին այլ խորհրդարան ունենք։ Մենք ցուցակներով տեսնում ենք, թե ինչպիսի խորհրդարան կլինի վաղը։ Այո, մեր ցուցակում ընդգրկված են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է գործարար Սամվել Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանն ասաց, թե չի կարծում, որ վերջինս ընդգրկվի ՔՊ-ի նախընտրական ցուցակում, եթե ընդգրկվեր, ապա նման խոսակցություն կլիներ։

«Սամվել Ալեքսանյանն ասել է, որ զբաղվում է միայն իր բիզնեսներով հետայսու»,- շեշտեց Հրաչյա Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս