Բայդենը Եգիպտոսից շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքում հաջող դիվանագիտության համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Եգիպտոսի ղեկավար Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նրան շնորհակալություն է հայտնել Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագրի ձեռքբերմանն աջակցելու համար:
«Նախագահ Բայդենը Եգիպտոսից շնորհակալություն է հայտնել նրա հաջող դիվանագիտության եւ ԱՄՆ-ի հետ համակարգման համար՝ Իսրայելում եւ Գազայում ռազմական գործողությունների ավարտվելու եւ բռնությունը չկրկնվելու համար»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Գազայում կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ վերականգնման ջանքերն այնպես, «որպեսզի դա օգուտ բերի Գազայի բնակիչներին, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ին»:
Բայդենը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին խնդրել է այցելել տարածաշրջան: Բացի այդ, ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահները քննարկել են «դեկտեմբերին ազգային ընտրությունների անցկացման լիբիական պլանների կատարումը եւ Լիբիայից բոլոր օտարերկրյա զինվորականների եւ ոչ կանոնավոր ուժերի դուրսբերումը, ինչպես նաեւ աջակցել են «Իրաքի լիակատար ինքնիշխանության եւ անկախության ամրապնդման գործում իրաքյան կառավարության ջանքերին»: Լույս մայիսի 21-ի գիշերը ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը Իսրայելի եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների միջեւ: Մինչ այդ 11 օր շարունակ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան այնտեղից իրականացվող հրթիռների արձակման. ընդամենն Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 4 հազար հրթիռ: Զոհվել է 250-ից ավելի մարդ, ներառյալ Իսրայելի 12 խաղաղ բնակիչներ: Պաղեստինի իշխանությունները հաղորդել են 243 պաղեստինցիների, ներառյալ 66 երեխաների, զոհվելու մասին, բայց չեն ճշտել, թե զոհվածների թվում զինված կազմավորումների քանի մարտիկներ են եղել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր հերթին հայտարարել է ավելի քան 200 զինյալների, այդ թվում՝ 25 դաշտային հրամանատարների ոչնչացնելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: