Սերժ Սարգսյանն ինտենսիվ ներգրավված է նախընտրական աշխատանքներում. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում եռուզեռ է․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ, քանի որ ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի առջև պետական բարձր պաշտոնում։ Այդ իսկ տրամաբանությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը նա չէ գլխավորում: Միևնույն ժամանակ, երրորդ նախագահը նշել էր, որ ակտիվորեն մասնակցելու է քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ինտենսիվ ներգրավված է դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքներում: Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, այս օրերին իսկական եռուզեռ է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, որտեղ կուսակցության ղեկավարն ընդունում է բազմաթիվ մարդկանց՝ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների, շարքային քաղաքացիների:
Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ բացի գրասենյակային աշխատանքից, Սերժ Սարգսյանը սկսել է մարզային այցեր կատարել:
Մեր հավաստի տեղեկություններով, անցած հանգստյան օրերին նա եղել է մարզերում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ամբողջ նախընտրական ժամանակահատվածում նա ակտիվ այցելությունների, ինչպես նաև խորհրդակցությունների ու հանդիպումների մեջ է լինելու: Ասում են՝ դրանցից շատերը գուցե նաև չլուսաբանվեն»: