Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը Եռաբլուրում մասնակցել է Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի հուղարկավորությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ պաշտպանության բանակի N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

«Դավիթ Առուշանյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար: Նա Պաշտպանության բանակի շարքերում ծառայել է 2006 թ.-ից: Զբաղեցրած պաշտոններում բարձր մակարդակով կազմակերպել և իրականացրել է իր վրա դրված մարտական խնդիրները: Դավիթ Առուշանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թ. ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատերազմական գործողությունների ընթացքում արիաբար մարտնչելով թշնամու բազմակի անգամ գերազանցող ուժերի դեմ՝ Դավիթ Առուշանյանը ոչնչացրել է հակառակորդի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և հասցրել նրան կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ: Նույնիսկ վիրավոր վիճակում նա փայլուն ու անձնվիրաբար կատարել է իր առջև դրված մարտական խնդիրը, մխրճվել հակառակորդի զորքերի մեջ և կյանքի գնով պաշտպանել հայրենիքի սահմանները: Իր հերոսական գործողություններով նա կարողացել է կասեցնել թշնամու առաջխաղացումը դեպի հայկական դիրքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս