«Մարդիկ պատրաստ են հիմար պատճառով տարիների վաստակով ստեղծված բժշկական կենտրոնը տապալել, ինչ է թե՝ այս սրիկա կապիտուլյանտին դուր գան ընտրությունների նախաշեմին». Տիգրան Աթանեսյան
Օրերս լուր տարածվեց, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով՝ կասեցվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնում իրականացվող մեկ տասնյակից ավելի ծառայությունների լիցենզիաները:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ 2014 թվականից Երևանում գործող այս կենտրոնում կասեցվել է դիմածնոտային վիրաբուժության, ակնաբանական, բժշկական օգնության և սպասարկման, նեոնատոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, պլաստիկ-վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական ու արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկայի և մի շարք այլ ծառայությունների լիցենզիան:
Որոշումը կայացվել էր կառավարությանն առընթեր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների հիմքով, իսկ տեսչական մարմինը հիվանդանոց ստուգման է մտել բնակիչներից ստացած բողոքի հետքերով:
«Ցանկացած լիցենզավորում տրվում է կոնկրետ հասցեի հասցեատիրոջը, որ էս հասցեում իրավունք ունեք իրականացնել այս գործունեությունը, մեր զննման արդյունքում հայտնաբերել ենք, որ կոնկրետ տրված հասցեն և գործունեության հասցեն իրար հետ չեն համապատասխանում»,- լրատվամիջոցին ասել էր ստուգումներ իրականացրած տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը:
168.am-ի հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի սեփականատեր Արկադի Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ կենտրոնի ծառայությունները կասեցված չեն:
«Եղել է նման հրաման, բայց այն վիճարկվել է Վարչական դատարանում, և այդ կասեցումը, այսպես ասած, կասեցվել է: Այս պահին «Սլավմեդ» բ/կ-ն լիարժեքորեն գործում է, և դա ամենակարևորն է մեր այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում են այդ կենտրոնից»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարության՝ կասեցման պատճառին, ըստ Տիգրան Աթանեսյանի՝ դրա հեղինակներն արհեստածին, ինչ-որ մի հիմար պատճառ են գտել:
«Ակնհայտ շահագրգիռ անձանց բողոք է եղել, որի հիման վրա հայտնվել ու ստուգումներ են իրականացնում: Ամենակարևորը պետք է իմանալ, որ զուտ մասնագիտական-բժշկական առումով կենտրոնը որևէ լիցենզիայի խնդիր չունի: Շփոթմունքն առկա է հասցեների հետ կապված, այդ շփոթմունքը շատ արագ կշտկվի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ընդամենը կա ուշացում՝ կապված շինարարական ինչ-որ հատվածի ավարտական ակտի հետ:
Վերջինս նշեց, որ այնպես չէ, որ կենտրոնն ապօրինի կամ սխալ հասցեով է գործում. Խոսքն ընդամենը կցակառույցի մասին է:
«Սա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող գործողություն է, և հասկանալի է, թե ինչու: Այսինքն՝ մարդիկ պատրաստ են մի ինչ-որ հիմար պատճառով տարիների վաստակով, մասնագետների, բժիշկների ուժերով ստեղծված բժշկական կենտրոնը տապալել, ինչ է՝ այս սրիկա կապիտուլյանտին դուր գան ընտրությունների նախաշեմին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Հարցին, թե ովքեր են իր վկայակոչած շահագրգիռ անձինք, փաստաբանը պատասխանեց. «Դրանք թավշիստների կողմից հովանավորվող անհասկանալի շինարարներ են, որոնք պարոն Համբարձումյանի տան մոտ ապօրինի շենք են կառուցում: Շինթույլտվությունը կասեցված է, բայց իրենք շինարարություն են անում: Փաստորեն այդ ապօրինի շինարարությունը հովանավորում են այս Ազգային ժողովի պատգամավորները, որոնց անուններն այս պահին ես չեմ տա, և նրանք հընթացս փորձում են գոհացնել այս ստոր իշխանության պարագլխին»,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին ի պատասխան՝ Տիգրան Աթանեսյանն ասաց նաև, որ պետպատվերով ծառայությունները ևս մատուցվում են, ևս մեկ անգամ շեշտեց՝ բժշկական կենտրոնը գործում է լիարժեքորեն, ամբողջ ծավալով:
«Կուզենայի նշել, որ այս օրերին ակնհայտ մանիպուլյատիվ ռեպորտաժ էր պատրաստել «Ազատություն» ռադիոկայանը, որն ամենամեծ լուման ունի մեր երկիրը կազմաքանդելու մեջ: Մի տեսակ հաճույքով ռեպորտաժներ են սարքում ու ցույց են տալիս, ասենք, բժշկական կենտրոնի տնօրենի մեքենան… Ծիծաղելի է, որովհետև տնօրենի ընտանիքին է պատկանում նույն «Բենթլիի» ներկայացուցչությունը Հայաստանում: Բա նա չունենար այդ մեքենան, ո՞վ ունենար: Այսինքն՝ դա «ժեխ» զանգվածի վրա հաշվարկած ռեպորտաժ էր»,- ասաց փաստաբանը:
Տիգրան Աթանեսյանը պնդեց՝ այս գործընթացն ակնհայտ քաղաքական շարժառիթ ուներ: