Վնասվել են ջերմոցներ, ձմերուկի, լոլիկի դաշտեր, ողջ բերքը դարձել է ոչ պիտանի. համայնքապետերը՝ ուժեղ քամուց կրած վնասների մասին
Մայիսի 23-ին Արմավիրի մարզի Արտաշար գյուղում փոթորկի հետևանքով գյուղի միջնակարգ երկահարկանի դպրոցի տանիքն ամբողջովին պոկվել է, վնասվել են նաև բնակիչների տներ:
«Դպրոցի տանիքը գոյություն չունի, պետք է նորից կառուցվի: Դասեր դեռ անցկացվում են, սակայն, եթե անձրևային եղանակ լինի, գուցե չկարողանան կազմակերպել: Բացի դպրոցներից, վնասվել են նաև տների տանիքներ: Կարկուտն էլ բերքին է վնաս հասցրել: Մի խոսքով՝ գյուղը ահագին վնաս է կրել: Դեռ վնասի չափը չենք հաշվել, սպասում ենք, որ մարզպետարանից հանձնաժողով գա, դպրոցի տանիքը նայի, բնակիչների կրած վնասները՝ ևս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:
Վնասներ կրել է նաև Արմավիրի մարզի Գայ գյուղը: Համայնքապետ Սեյրան Մարկոսյանի փոխանցմամբ՝ վնասվել են ջերմոցներ, ողջ բերքը դարձել է ոչ պիտանի:
«Հատ-հատ դնելու ենք հաշվարկի չափը որոշենք»,- նշեց Սեյրան Մարկոսյանը:
Փոթորիկը ավերածություններ է գործել նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Վնասվել են էլեկտրասյուներ, ավերվել են տանիքներ:
Համայնքապետ Բալաբեկ Սարկիսյան հայտնեց՝ վնասվել են նաև ձմերուկի, լոլիկի դաշտերը:
Ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել նաև Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային: Բացի բնակելի 28 տներից՝ վնասվել է նաև բնակիչներից մեկի ջերմոցը: Համայնքապետի խոսքով՝ մարզպետարանից հանձնաժողով պետք է գա, որ որոշեն, թե ինչ պետք է անել:
Նշենք, որ ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել նաև մայրաքաղաքում: Մայիսի 23-ին, ժամը 16։22-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Կասյան, Մելիքյան, Էրեբունի, Խաղաղ Դոնի, Աթոյան, Ծերենցի, Շիրազի, Անդրանիկի, Գր․ Արծրունու, Րաֆֆու, Ավետիսյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Նալբանդյան, Հալաբյան, Միքայելյան, Արարատյան, Դրոյի փողոցներում, Իսակովի պողոտայում, Արարատի մարզում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Մարգարա գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Նոր Հաճն քաղաքներում, Ջրվեժ գյուղում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր և էլեկտրական լարեր։