Ժամանակակից ստեղծագործող Եր Կարը ընթերցողներին կներկայացնի իր անդրանիկ գիրքը
Ժամանակակից բանաստեղծ Եր Կարի անդրանիկ՝ «Երկա՞ր» գիրքը շուտով հասանելի կլինի ընթերցողներին: Գիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին «Արվեստանոցում», հրատարակել է «Անտարես»-ը:
Միջոցառման ընթացքում հեղինակը կներկայացնի գիրքը, իսկ դերասանուհիներ Նարինե Գրիգորյանը, Տաթև Հովակիմյանը, Կարինե Ջանջուղազյանը կընթերցեն հատվածներ գրքի ստեղծագործություններից:
Երեկոյին կատարումներով հանդես կգան «Տիեզերք» բենդը և ջութակահարուհի Անահիտ Իվանյանը:
Գրքում ներառված են Եր Կարի 50-ից ավելի ստեղծագործություններ, որոնք գրվել են 2017 թվականից մինչև օրս։
«Ստեղծագործությունների թեմաները բազմազան են. «ես»-ի խնդրից ձգվում են մինչև հայրենիքի սահմանները, այնտեղ մի պահ կանգ են առնում, հիշում խաղաղ օրերի երկինքն ու նորից շարունակում իրենց ճանապարհը դեպի ընթերցող»,-նշում է Եր Կարը: