Զբաղվեք հայրենիքը վաճառողներին, հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող անձանց պատասխանատվության ենթարկելով, այլ ոչ թե թիրախավորեք այն անձին, ով այդ արժանապատվությունը ցանկանում է վերականգնել․ Էրիկ Ալեքսանյանը՝ դատախազությանը
Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը անդրադարձել է «Հայաստան դաշինք» նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար, նախկին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի սոցիալական ցանցում վերջին գրառմանը և հատկապես այն հատվածին, որտեղ պ-ն Գևորգյանը նշել է, որ իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսների ներկայացուցիչներին, նոր քրեական գործեր են հարուցում, բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին։
Դատախազությունը նշվածի վերաբերյալ հայտարարել է մասնավորապես հետևյալը. «Հարկ ենք համարում հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։
Քրեական վարույթների հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։ Իսկ եթե առկա են նմանատիպ երևույթների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստող տվյալներ, յուրաքանչյուրի պարտքն է, անկախ դրանց մասին հանրայնացնելու հանգամանքից, նախևառաջ բոլորին հայտնի իրավական ընթացակարգով դիմելու իրավապահ մարմիններին։ Եվ պարոն Գևորգյանը հիմա էլ կաշկանդված չէ իրեն հայտնի տվյալները (եթե հայտնի են, իհարկե) իրավապահ մարմիններին տրամադրելու հնարավորությունից։
Հակառակ դեպքում նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր։ Իրավապահ մարմիններն ունեն քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջ և այդ պահանջի խախտումն ինքնին արդեն հանցավոր դրսևորում է»։
Նախ ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ դատախազությունը կարծես թե մոռացել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ հանցագործության մասին տվյալներ տիրապետող անձն ազատված է հանցագործության մասին հաղորդումը կոնկրետ իրավասու մարմիններին հայտնելու պարտականությունից, ուստի վերջինիս կողմից դրա մասին հրապարակավ հայտարարելը հիշյալ օրենսդրության համաձայն համարվում է «ֆիզիկական անձի կողմից տրված հաղորդում» որպես քրեական գործ հարուցելու առիթ, որը քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ՀՀ քր. դատ. օր-ի 180-րդ, 181-րդ հոդվածների հիման վրա տալ դատավարական գնահատական: Չնայած Ձեր կառույցի նկատմամբ վաղուց վասահություն չկա:
Ուստի պ-ն Գևորգյանին՝ իրավապահ մարմիններին դիմելու առումով այսպես ասած խորհուրդներ տալու փոխարեն, ճիշտ կլինի օրենսդրությունը վերհիշեք և Ձեր օրենսդրությամբ սահմանված պարտականությունները կատարեք: Եվ ամենակարևորը՝ զբաղվեք հայրենիքը վաճառողներին, Հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող անձանց պատասխանատվության ենթարկելով, այլ ոչ թե թիրախավորեք այն անձին, ով այդ արժանապատվությունը ցանկանում է վերականգնել:
Արմեն Գևորգյանի փաստաբան
Էրիկ Ալեքսանյան