Իսրայել-ՀԱՄԱՍ հրադադարի ռեժիմը պահպանվում է
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի գլխավորած պաղեստինյան զինյալների միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հրադադարը սկսվել է ուրբաթ լուսաբացից առաջ՝ Եգիպտոսի միջնորդությամբ: Պաղեստինցիներն ու իսրայելցիները այժմ գնահատում են 11-օրյա ռազմական գործողություններից կրած վնասը, երբ Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Գազային, իսկ գրոհայինները՝ հրթիռների հարվածներ Իսրայելի ուղղությամբ:
Պաղեստինցի պաշտոնյաները վերակառուցման ծախսերը գնահատել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, իսկ առողջապահական ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ Գազայում սպանվել է 248 մարդ: Տնտեսագետները նշում են, որ մարտերը կարող են զսպել Իսրայելի տնտեսական վերականգնումը՝ COVID-19 համաճարակից: Բուժաշխատողների խոսքով՝ պաղեստինցիների հարձակումները 13 մարդու կյանք են խլել Իսրայելում: