Նորայր Նորիկյանը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին. «Քաղպայմանագրի» հետ կոալիցիա չեն կազմելու
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար փորձում է հրապարակային կերպով պարզել՝ հնարավո՞ր է արդյոք, որ ընտրություններին մասնակցող այս կամ այն քաղաքական ուժը կոալիցիա կազմի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Սա ըստ էության բավականին թափանցիկ լյուստրացիա կարող է լինել՝ հասկանալու համար ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի վերաբերմունքը պետությունը պահպանելու հնարավորության վերաբերյալ:
Այսօր հարցն ուղղվել էր «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ, փաստաբան Նորայր Նորիկյանին:
«Հարգելի՛ պարոն Նորիկյան, օրական մի քանի անգամ առիթ եմ ունենում ողջունել Ձեզ Երևանի տարբեր փողոցներում, և ամեն անգամ մեն մի հարց է ինձ մոտ առաջանում։ Հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունները և տարբեր առիթներով համագործակցության փորձը՝ ինձ իրավունք վերապահեմ հարցս հնչեցնել հրապարակավ ու ակնկալել նույնքան հրապարակային ու հստակ պատասխան.
Ընտրվելու դեպքում Ձեր գլխավորած քաղաքական ուժը հնարավոր համարո՞ւմ է «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիան, թե՞ բացառում է այդ հնարավորությունը»,- մասնավորապես գրել էր Ռուբեն Մելիքյանը:
Նորայր Նորիկյանն արձագանքել էր իրեն ուղղված ուղիղ հարցին:
«Քանի որ Ձեր կողմից հարցն ուղիղ է տրվել, պատասխանեմ ուղիղ. ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, որ ընտրվելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:
Հուսով եմ, որ այս գրառումները հնարավորություն կունենանք ընթերցել հունիսի 21-ից հետո:
Օգտվելով պատեհ առիթից՝ հարկ եմ համարում ընդգծել, որ որևէ մեկի կողմից դեմ ենք որևէ ստվերային խաղերի:
Մենք իսկապես ցանկանում ենք ստեղծել որակապես նոր քաղաքական միջավայր ու մեր նպաստը բերելու ենք այդ միջավայրի ստեղծմանը:
«Արդար Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է պարզ ճակատով:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Արդար Հայաստան» կուսակցությունն ինքնաբավ քաղաքական ուժ է, և ես ակնկալում եմ, որ մեր հանրությունը դուրս գա այս արհեստական ստեղծված ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ երկընտրանքից՝ փորձելով ԲԵԿՈՒՄ մտցնել մեր հանրային կյանքում»,- գրել էր նորահայտ քաղաքական ուժի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ «Արդար Հայաստան» կուսակցության անդրանիկ համագումարը տեղի է ունեցել 2021թ. փետրվարի 21-ին: