«Իրանին՝ որպես պետություն, անհրաժեշտ է հնարավորինս ուժեղ Հայաստան». Վարդան Ոսկանյան

«Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած «ՀՀ և Արցախի անվտանգային միջավայրը հետպատերազմյան ժամանակահատվածում» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ այս «վարչախումբը» չի կարող հետ պտտել պատմության անիվը, իսկ եթե  անիվը պտտվի, ապա՝ ի վնաս իրենց: Ոսկանյանի խոսքով՝ ընդդիմությունը չունի իշխանության ներկայացուցիչների դերասանական ունակությունները, ու չեն կարողանում անպատասխանատու  վերաբերվել հասարակությանը:

«Մենք աշխատում ենք լինել պետական գործիչներ, ազգային գործիչներ: Մենք չենք կարող մեր հասարակությանը խաբել միայն նրա համար, որպեսզի ինչ-որ ձայներ հավաքենք կամ ծափահարություններ կորզենք»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Լրագրողների հարցը, թե Իրանից գեներալներն ի՞նչ նպատակով էին եկել Հայաստան, Վարդան Ոսկանյանը չմեկնաբանեց: Նա անդրադարձավ Իրանին առնչվող մեկ այլ փաստի:

«ԵՊՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը ՀՀ-ում մեկ նախադասություն արտասանեց, հայտարարությամբ հանդես եկավ, որ Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունենում ռազմական համագործակցության ոլորտում որոշակի գործընթաց: Սա միանշանակ խրախուսելի գործընթաց է… Ես էլ, բնականաբար, տեղյակ չեմ այդ մանրամասներից, և եթե նույնիսկ այդ մանրամասներն առկա են, կարիք չկա դրանք բարձրաձայնել, որովհետև խնդիրն առնչվում է, բնականաբար, Հայաստանի անվտանգությանը և նաև մեր բարեկամ պետության հետ մեր կապերին և հարաբերություններին: Իրանին՝ որպես պետություն, անհրաժեշտ է հնարավորինս ուժեղ Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետը:

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս